ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Ելնելով այսօրվա կարգավիճակից` տեղին ու ճիշտ չեմ համարել ու այսօր էլ ինչ-որ չափով չեմ համարում այս դատավարության մասին երկար-բարակ խոսել կամ դրա շուրջ ավելորդ ծավալվել, բայց այսօր չեմ կարող չարձանագրել:
Այնպես ստացվեց, որ երեկ ԱԺ-ից բավականին ուշ դուրս եկա․ ինչ-որ կարդալու էր, կարդացի, ինչ-որ գրելու էր, գրեցի։ Դուրս եկա աշխատասենյակից, բանալին մի քանի տակ պտտեցրեցի ու ինքս ինձ համար արձանագրեցի, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի և մնացածի դատավարության օրն է, ու ես այսօր ԱԺ-ի իմ աշխատասենյակից դուրս եմ գալիս խորհրդարանի բակ ու քայլելով անցնելու եմ հոկտեմբերի 27- ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտով, բարի գիշեր եմ մաղթելու հերթապահող տղաներին ու բարձրանամ տուն:
Սա կարևոր է ինձ համար, սա կոնկրետ նշանակություն ունի ինձ համար ու հարցը ես չեմ, բացարձակ ես չեմ, հարցը այն է, որ …..
Առանց դիվանագիտական ձևակերպումների ուղղակի կասեմ, որ այս օրվան երկար եմ սպասել, վստահ եմ եղել` այս օրը գալու է, ու այդ օրվան ես ականատես եմ լինելու, նստելու եմ ու համբերատարորեն սպասելու եմ ճշմարտությանը՝ ինչպիսին էլ, որ այն լինի:
«Մերժված կոնֆլիկտները» միշտ հետ են գալիս։ Ես վստահ եմ եղել` քանի կա պահանջարկ պարզելու ճշմարտությունը, քանի կոնֆլիկտն ու դիմադրությունը կա, այն միշտ ետ է գալու: Գալու է , կանգնելու է դիմացդ ու լուծում է պահանջելու: Չլուծեցիր, երես թեքեցիր, մի շրջան էլ է պտտվելու, բայց էլի գալու է ու այսպես շարունակ քանի չի լուծվել, քանի պատասխաններ չեն տրվել: Սա մեր հանրային նեվրոզն է, որը միշտ հարցադրումներ է անում ու մինչ արմատները չհասնես, չի թողնելու քեզ:
Ի՞նչ է այսօր կատարվում։ Շատ պարզ մի բան․ իր հերթական շրջանը պտտվելուց հետո «մերժված խնդիրը» նորից եկել ու նստել է մեր հանրային՝ մեծ, կլոր սեղանի շուրջ, ու նորից հարցադրումներ է անում, ակնկալում է կոնկրետ պատասխաններ: Մենք կարող ենք երկար-բարակ պատմություններ պատմել, լավից ու վատից խոսել, կարելիից ու չի կարելիից, բայց դրանով ևս մեկ պտույտի ենք ճանապարհելու, դա լինելու է ցտեսություն, այլ ոչ բաժանում:
Ես, ինչպես հազարավորները, եղել եմ 2008 թվականի հրապարակում կանգնածներից, ականատեսն ընտրությունների, դրա ընթացքի ու արդյունքների, մարդկանց ծեծին ու Երևանի կենտրոնում գնդակահարմանը, բայց ասում եմ, որ սա դատելու կամ դատվելու հարց չէ, սա ճշմարտության, արժանապատվության, պետականության արժանի լինելու հարց է:
Այլևս ոչ ոք չպիտի իշխանությունը գողանա. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Այլևս ոչ ոք քաղաքական հայացքների համար չպիտի հալածվի ու գնդակահարվի. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է:
Մեզ ճշմարտություն է պետք, միայն ճշմարտություն ու մենք գնալու ենք նրա ետևից: