Չիլիի նախագահ Միշել Բաչելետը ստորագրել է հրաման ուժգին երկրաշարժից տուժած երկրի տարածաշրջաններն աղետի գոտի հայտարարելու մասին և հայտնել, որ առաջիկայում կուղևորվի այդ տարածաշրջաններ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
8.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի էր ունեցել գիշերը՝ Չիլիի խաղաղօվկիանոսյան ափի հյուսիսային հատվածի մոտ: Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 5 մարդ:
Համաձայն պետության ղեկավարի հրամանի՝ աղետի գոտի են հայտարարվել Արիկա-ի-Պարինակոտա և Տարապակա տարածաշրջանները: «Յուրաքանչյուր տարածաշրջանում ստեղծվում են արտակարգ կոմիտեներ»,- ասել է Բաչելետը՝ նշելով, որ առաջիկայում դեպքի վայր կուղևորվեն նաև ներքին գործերի նախարարն ու զինվորական հրամանատության ներկայացուցիչները:
Չիլիի նախագահը չեղյալ է հայտարարել այսօր իր մասնակցությամբ ծրագրված բոլոր պաշտոնական միջոցառումները: