Երեկ տեղեկացրել էինք, որ Վրաստանի պատրիարքարանում կայացել է Վրաց եկեղեցու Սինոդի նիստը` Վրաստանի պատրիարք Իլյա երկրորդի նախագահությամբ:
Ներկայացնում ենք Սինոդի ընդունած որոշման տեքստն ամբողջությամբ.
Սույն թվականի հուլիսի 5-ին Վրաստանի խորհրդարանը քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենք ընդունեց: Սինոդում ընդհանուր անհամաձայնություն է արտահայտվել այն կապակցությամբ, որ չնայած նախատեված սահմանադրական պարտավորություններին, օրենքն ընդունվել է առանց պատրիարքարանի և հանրության հետ նախնական խորհրդակցության, ինչը Վրաց եկեղեցու հոգևոր դասի և հոտի անհանգստության պատճառ է դարձել: Սինոդը քննարկել է ստեղծված իրավիճակն ու որոշում կայացրել.
1.Վրաց ուղղափառ եկեղեցին հայտարարում է, որ Վրաստանում բնակվող ցանկացած կրոնադավան անհատ, ինչպես նաև բոլոր կրոնական կազմակերպությունները հավասար են օրենքի առջև: Հավատքի ազատությունը կախված չէ Վրաստանի քաղաքացու այս կամ այն կրոնական միվորմանը հարելու հետ:
Վրաց ժողովրդի կամքն արտահայտող վրացական առաքելական ուղղափառ ինքնակալ եկեղեցու իրավական ստատուսը, որ տրվել է Վրաստանի խորհրդարանի կողմից, չէր սահմանափակում այլ կրոնական միավորումների հավատքն ու հավասարությունն օրենքի առջև:
2. Կոչ ենք անում Վրաստանի իշխանությանը.
Ա. Հետագայում կրոնական և նմանատիպ այլ հարցերի շուրջ նախնական խորհրդակցություններ անցկացնել Վրաստանի պատրիարքարանի հետ` խուսափելու համար հնարավոր բարդություններից:
Բ. Պետական մակարդակի բանակցություններ սկսել Վրաստանի սահմաններից դուրս գտնվող վրացական պատրիարքարանին պատկանող թեմի կարգավիճակի և ունեցվացքի վերաբերյալ:
Գ. Պետությունը պետք է ակտիվացնի իր գործունեությունը Վրաստանի սահմաններից դուրս գտնվող հոգևոր և ազգային արժեք ներկայացնող հուշարձանների խնամքի և պահպանման գործում:
Դ. Վրաստանի անկախության և ինքնակալ եկեղեցու կորստից մինչև անկախության վերականգնումն ընկած ժամանակահատվածում վարած կրոնական քաղաքականությունն ու այլ գործողությունները ճանաչել անօրինական:
Ե. Ստեղծել հանձնաժողով, որը կվերահսկի սահմանադրական համաձայնությամբ նախատեսված պարտավորությունների իրականացումը:
3. Սինոդը հոգևորականներին և հոտին կոչ է անում պահպանել հանգստություն ու անկախ վրդովմունքից ձեռնպահ մնալ ինքնաբուխ գործողություններից և զորացնել աղոթքը` հանուն միասնության և խաղաղության:









































