Այս տարվա մարտի 31-ին ՀՀ կառավարության N349-Ն որոշմամբ հաստատված «Առավել կարիքավոր 225 համայնքներում տեղական արտադրության կենսապարարտանյութի բաշխման» կարգի համաձայն, «ՍԻՍ-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հողի բերրիության բարձրացման համար հանրապետության առավել կարիքավոր համայնքներին պետք է հատկացներ իր արտադրած «Ազոցեովիտ-1» տեսակի կենսապարարտանյութ։ Այս մասին ասվում է գյուղատնտեսության նախարարության տարածած հաղորդագրությունում։
20 հազար լիտր կենսապարարտանյութը հողօտագործողներին պետք է տրամադրվեր լիտրը 2500 դրամով, պարարտանյութի արժեքը բերքահավաքից հետո վճարելու պայմանով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ազոցեովիտ-1» կենսապարարտանյութի ծախսի նորման մեկ հեկտարի համար կազմում է 10 լիտր, 20000 լիտր կենսապարարտանյութը հնարավոր կլինի օգտագործել 2000 հեկտար տարածության վրա:
Կառավարության որոշմամբ, շահառուներից մի քանիսի հողամասերը պետք է ընտրվեին որպես ցուցադրական, ուր և պետք է կազմակերպվեին պարարտանյութի օգտագործման կարգի ուսուցման աշխատանքները:
Այսօրվա դրությամբ, «ՍԻՍ-95» ՍՊԸ-ն պայմանագրային հիմունքներով արդեն հողօգտագործողներին է տրամադրել ավելի քան 3810 լիտր «Ազոցեովիտ-1» պարարտանյութ: Այն բաշխվել է հանրապետության 8 մարզերի 48 համայնքներում:









































