Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ավարտեց իր 2011 թթ. ձմեռ-գարուն ծավալուն համերգաշարը: Սերգեյ Սմբատյանի ղեկավարած պետական նվագախմբի ակտիվ գործունեությունը մեկ նպատակ է հետապնդում՝ զարգացնել երաժշտական ճաշակը։
Շուտով նվագախումբը մեկնելու է Ուկրաինա՝ «Օդեսան դիմավորում է ընկերներին» փառատոնին մասնակցելու։ Երիտասարդական նվագախումբը համերգներ է ունենալու նաև եվրոպական երկրներում՝ Գերմանիայի, Բելգիայի հայտնի դահլիճներում: Ինչպես տեղեկացնում է նվագախմբի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը՝ հյուրախաղերը նվիրվում են Հայաստանի անկախության 20-ամյակին: Նոյեմբերին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համերգներ է պատրաստում ուսուցիչների տոնի և ուսանողների միջազգային օրվան նվիրված։
Դիրիժոր Յուրի Դավթյանին խնդրեցինք կարծիք հայտնել հասարակության երաժշտական ճաշակի մասին և արդյո՞ք նվագախմբի բուռն գործունեությունը ազդեցություն ունենում է դրա մշակման համար։ «Շոու-բիզնեսն այնքան է մխրճվել մեր հասարակության ճաշակի մեջ, որ դրա դեմ ոչ մի նվագախումբ չի կարող պայքարել։ Կարող եմ ասել, որ շոու-բիզնեսը սպանել է, տապալել է մեր ամբողջ արվեստը»,- հուսահատական կարծիք հայտնեց Յուրի Դավթյանը։









































