Հունիսի 10-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունցավ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացումը։ Բացման արարողությունը, ինչպես միշտ, շատ հանդիսավոր էր, բոլոր հյուրերը փողային նվագախմբի նվագակցության ներքո անցան կարմիր գորգի վրայով։ Բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փառատոնի ժյուրիի անդամներ, Ֆանի Արդանը, Աբբաս Քիառոստամին և այլք։
Բացման արարողության ժամանակ Աբբաս Քիառոստամին փառատոնի գլխավոր մրցանակը շնորհեց Ֆանի Արդանին՝ արվեստում նրա ունեցած ներդման համար։
«Եթե որևէ երկիր իրավունք ունի կինոփառատոն ունենալու, ապա դա Հայաստանն է։ Այս երկիրը գտնվում է մշակույթների խաչմերուկում։ Ոչ մի մրցանակ չի կարելի ընդունել՝ առանց այն շահելու։ Սա շատ պարտավորեցնող է»,- իր շնորհակալանքի խոսքում ասաց Ֆանի Արդանը։
Հիշեցնենք, որ այս տարի ավանդական դարձած մրցութային 3՝ Վավերագրական, Խաղարկային և Հայկական համայնապատկեր ծրագրերին կից անցկացվելու է նաև կարճամետրաժ ֆիմերի «Կորիզ» մրցութային ծրագիրը, «Հայացք դրսից» խորագրի ներքո ներկայացված են Հայաստանի մասին 6 ֆիլմեր, որ նկարահանել են օտարազգի ռեժիսորները։
Փառատոնի բացման ֆիլմը Աբբաս Քիառոստամիի «Վավերացված պատճեն» ֆիլմ էր, որի գլխավոր դերակատարուհի Ժուլիետ Բինոշը Կաննում մրցանակ է ստացել լավագույն դերակատարման համար: Սա իրանցի ռեժիսորի առաջին ֆիլմն է, որ նկարահանվել է հայրենիքից դուրս։







































