Այսօր վաղ առավոտյան փրկարարները, ուսումնասիրելով խորտակված «Բուլգարիա» շոգենավը, հայտարարել են, որ նրա մեջ հայտնաբերել են բազմաթիվ դիակներ: «Առաջնային խնդիր էր ուսումնասիրել երաժշտական դահլիճը, ռեստորանը, բարը, որտեղ սովորաբար շատ մարդիկ են լինում: Գիշերը թխկացնում էինք նավի կորպուսին՝ սպասելով արձագանքների, սակայն, ցավոք, պատասխան չեղավ: Հիմա լուսավորում ենք խցիկները, ռեստորանները: Այնտեղ մարդիկ կան, ողջ մնացած որևէ մեկը չկա»,- ասել է արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային պատասխանատու Իգոր Պանշինը:
Մինչ նրա հայտարարությունը հայտնի էր, որ հայտնաբերվել է 5 դիակ: Հաջողվել է փրկել 80 մարդու: Նախնական տեղեկություններով, նավը կիսով չափ ավելի ուղևորներ է վերցրել: Պատճառների թվում նշվում են գերբեռնվածությունը, վատ եղանակային պայմանները, մի քանի գործոնների համընկնումը: Հայտնի է նաև, որ նավում եղել են շատ երեխաներ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Ըստ այսօր հաղորդված տեղեկությունների՝ ընդհանուր առմամբ, նավում եղել է 199 ուղևոր։







































