Օրենքի համաձայն՝ ոստիկանությունը իրավունք ունի ստուգել Համացանցի օգտատերերի էլեկտրոնային նամակագրությունը, ինչը, վերջիններս խոսքերով, թույլ կտա իշխանություններին առցանց հետևել քաղաքական զարգացումներին:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Վրաստանում Համացանցի օգտատերերի թիվը հասնում է 1.3 միլիոնի՝ կազմելով երկրի բնակչության 30 տոկոսը: Համացանցն աստիճանաբար վերածվում է քաղաքական քննարկումների կարևոր հարթակի, որը մեծ ժողովրդականություն է վայելում հատկապես լիբերալ հայացքների տեր երիտասարդների շրջանում:
2010-ի վերջերին ավարտին ընդունված օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ ոստիկանությունը իրավունք է ստանում ստուգել Համացանցի օգտատերերի առցանց հաղորդագրություններն առանց համապատասխան դատական որոշման: Այն, որ օրենքը թույլ է տալիս անվտանգության ծառայություններին ազատ կերպով նման կարգի վերահսկողություն իրականացնել Համացանցում, անհանգստացնում է բազում ակտիվ օգտատերերին:
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչ Գեորգի Գոցիրիձեի խոսքերով՝ նոր օրենքը նախատեսում է «հրապարակային, ինչպես նաև անձնական հաղորդագրությունների քննումը: Այն սահմանափակում է անձնական կյանքի իրավունքը: Սահմանադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ այս իրավունքը սահմանափակվում է կամ դատարանի համապատասխան որոշման առկայության կամ արտակարգ իրավիճակի դեպքում»:
Այս երկու նախապայմաններից որևէ մեկի բացակայությունը Գոցիրիձեի մեկնաբանությամբ հակասում է սահմանադրությանը. «Մենք պատրաստվում ենք բողոքարկել [այս օրենսդրական փոփոխությունները] սահմանադրական դատարանում»:
Կառավարությունը ժխտում է Համացանցի ներսում գրաքննություն իրականացնելու մտադրությունները և պնդում, որ այս օրենսդրական փոփոխություններն ընդամենը կոչված էին համապատասխանեցնել երկիրն ընդունված միջազգային չափանիշներին:
Իրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Կախաբեր Անջափարիձեն, իր հերթին, նշում է, թե որոնք են օրենսդրական փոփոխությունների իրական նպատակները:
«Խոսքը միջոցառումներ իրականացնող պատասխանատուների մասին է. օրինակ, նրանք ներկայում կարող են միանալ որևէ համացանցային ֆորումի և սկսել հաղորդակցվել պոտենցիալ հանցագործների հետ: Քաղաքակիրթ աշխարհում սա ընդունված պրակտիկա է, և այն իրականացվում է առանց դատական որոշման կամ արտակարգ իրավիճակի առկայության: Ինչ վերաբերում է առանց դատարանի որոշման անձնական հաղորդագրությունները և էլեկտրոնային նամակները ստուգելուն, ապա սա ևս ընդունված երևույթ է ժամանակակից աշխարհում», – հայտարարել է Անջափարիձեն:
Սակայն բլոգերները և Համացանցի այլ օգտատերերը պնդում են, որ ոստիկանությունը կսկսի հետևել իրենց գործողություններին նույնիսկ այն դեպքում, եթե իրենք ապօրինի ոչինչ չեն անում:
«Իհարկե, որպես օգտատեր, ես սա համարում եմ իմ իրավունքների ոտնահարում: Ինչ-որ երրորդ կողմ այժմ հնարավորություն ունի հետևել իմ անձնական հաղորդագրություններին: Սա անընդունելի է», – ասում է Urbi et Orbi բլոգը վարող Դավիթ Շուբլաձեն:
Քաղաքական, լրատվական և այլ հարցերի վերաբերյալ գրառումների հեղինակ, բլոգեր Դավիթ Լոբջանիձեն նույնպես անհանգստացած է կառավարության ստացած այս նոր իրավասությունների օգտագործման հետևանքներով:
«Գուցե սա ընդունված պրակտիկա է որոշ երկրներում, և գուցե սա որոշակի արդարացում ունի, սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է այն գործնականում ուժի մեջ մտնելու: Եթե նման գործողությունների իրականացման համար դատական որոշման կարիք չկա, մշտապես կպահպանվի այն սպառնալիքը, որ մեկը կփորձի այս օրենքներն օգտագործել անձնական իրավունքները խախտելու նպատակով», – ասում է նա:
Նույնպիսի մտահոգություններ են հնչեցվել Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Համացանցի ազատություն 2011» զեկույցում, որտեղ Վրաստանում Համացանցը գնահատվել է որպես «մասամբ ազատ»: Զեկույցում ներկայացված են մի շարք միջադեպեր, որոնց դեպքում իշխանությունները, արձագանքելով Համացանցում տեղ գտած գրառումներին, պահանջել են վերացնել դրանք:
Այսպես, անցյալ տարի «Facebook սոցիալական ցանցում վրացական հեռուստածրագրի վարող Նանուկային քննադատելու մտադրությամբ ստեղծված «Ընդդեմ Նանուկայի շոուի» խմբի պատասխանատուն պատմել է, որ անհայտ պետական պաշտոնյաներ սպառնացել են իրեն՝ ստիպելով նրան ապաակտիվացնել խումբը»:
Freedom House-ի զեկույցում նաև տագնապով նշվում է, թե որքան հեշտությամբ իշխանությունները կարողացան կանխել ընդդիմադիր կողմնորոշում ունեցող համացանցային կայքերի կողմից գովազդատուներին գրավելու փորձերը:
«Ներկայում էլեկտրոնային պարբերականների մեծամասնությունը խնդիրներ ունի գովազդատուներ գրավելու հարցում, սակայն, կառավարության քննադատությամբ հանդես եկող լրատվական կայքերի դրությունը, կարծես, ավելի բարդ է: Որոշ լրատվամիջոցների սեփականատերերը նշում են, որ եղել են դեպքեր, երբ գովազդատուները պահանջել են հանել իրենց գովազդը, երբ տվյալ կայքում կառավարության կամ իշխող կուսակցության դեմ չափազանց քննադատական հոդված է հրապարակվել», – նշվում է զեկույցում:
Ակտիվիստները պնդում են, որ Համացանցում իրականացվող պետական վերահսկողությունը լայնամասշտաբ բնույթ է կրում: «Մարդու իրավունքների կենտրոն»-ի ներկայացուցիչ Նինո Ցագարեիշվիլին նշում է, որ Վրաստանում անգլերեն դասավանդող ուսուցչուհին՝ Նիկոլ Բեդֆորդը, «հեռացվել էր աշխատանքից Facebook-ի իր էջում տեղ գտած քննադատական հայտարարությունների պատճառով»:
Կառավարական ուսուցողական ծրագրի ղեկավարները, որոնք վարձել էին ուսուցչուհուն, սկզբում ստիպել էին Բեդֆորդին ջնջել Facebook-ում տեղ գտած իր գրառումներից մեկը և ներողություն խնդրել այն հրապարակելու համար, իսկ այնուհետև «պահանջել էին, որպեսզի վերջինս ջնջի ևս մեկ գրառում, որտեղ Նիկոլը պատմել էր, թե ինչպես էին մի խումբ տասներորդ դասարանցիներ ռասիստական և նսեմացուցիչ բնույթի մեկնաբանություններ արել իր հասցեին: Դեկտեմբերին Նիկոլը արձակուրդ էր մեկնել, իսկ երբ պատրաստվում էր վերադառնալ Վրաստան հունվարին, նրան էլեկտրոնային փոստով տեղեկացրել էին, որ հեռացվել է աշխատանքից», – պատմում է Ցագարեիշվիլին:
Մանանա Վարդիաշվիլին ազատ լրագրող է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:









































