«Վարչապետի նշած ծրագրերը, նշաձողերը, այո, հավակնոտ են, թվերը ոչ իրատեսական են թվում, բայց եթե բարձր նշաձող չդնես և այդ նշաձողին չձգտես, ապա այսօրվա կենցաղային փոքր խնդիրների կատարումը հնարավոր չի լինի մեծ նվաճում համարել։ Ես այդ ելույթում կֆիքսվեի ոչ այնքան թվերի վրա, որքան այն միջոցառումների վրա, որոնց միջոցով պետք է հասնենք այդ արդյունքին։ Վարչապետի հնչեցրածն այս պահին հիշեցնում է ավելի շատ երազանք, քան ռեալ պլան, բայց մեզ ոչինչ չի խանգարում բարձր նշաձող սահմանել և մեր բոլոր ջանքերը ներդնել դրանք իրականացնելու համար»,- «Առաջին լրատվական»-ի «Մամուլ սուրճի հետ» հաղորդման շրջանակներում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանտիկովը՝ անդրադառնալով վարչապետի երեկվա արցախյան ելույթին։
Սանտիկովի խոսքով՝ ճիշտ է, դեռ խնդիրներ կան պետական համակարգերում, որոշ համակարգերում մարդիկ միտումնավոր անգործություն են ցուցաբերում, սաբոտաժի են դիմում։ Եվ այդ իրավիճակից դուրս գալու երկու ճանապարհ կա. մեկն այն ճանապարհն է, որով գնաց Վրաստանը՝ հեղափոխությունից հետո անխտիր փոխեց ոստիկանության, մաքսայինի, հարկայինի և այլ համակարգերի բոլոր աշխատողներին, և այն ճանապարհը, որով գնում է Հայաստանը. թավշյա ու անցնցում ճանապարհը: «Հիմա իրավապահ մարմինները հսկայական ջանքեր պետք է ներդնեն, որպեսզի միտումնավոր սաբոտաժը, կոռուպցիան անգործությամբ փոխարինելու միջոցառումները բացառվեն»,- ասաց Սանտիկովը՝ հավելելով, որ պետական համակարգերի բոլոր աշխատողները պետք է հասկանան, որ կա՛մ պետք է ընդունեն նոր իշխանության պայմանները՝ հրաժարվեն նախկին կոռուպցիոն գործունեությունից, կա՛մ իրենց տեղը զիջեն ավելի երիտասարդ, ավելի պատրաստակամ մարդկանց։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:









































