Հայաստանում սահմանի վրա Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գանձումը վերացնելու անհրաժեշտությունը ժամանակ առ ժամանակ բարձրաձայնվում է տարբեր շրջանակներում, սակայն էական լուծում չի ստանում: Վերջերս կառավարությունը նման առավելություն շնորհեց գյուղռեսուրսների ներկրման դեպքում: Մնացած ապրանքների ԱԱՀ-ն գանձվում է անմիջապես սահմանին, ինչի արդյունքում ապահովվում է պետբյուջեի եկամուտների գրեթե 40 %-ը: Սակայն ֆինանսական սակավ կարողություններ ունեցող ընկերությունները դեռ գործ չսկսած զրկվում են շրջանառու միջոցների զգալի մասից:
Օրերս լուր տարածվեց, որ Վրաստանում Tax Free համակարգ է ներդրվում. օտարերկրացիներին հետ կվերադարձվի Վրաստանից ձեռք բերված ապրանքի ԱԱՀ-ն։ Հարկային բեռի նման թեթևացումը զգալիորեն կնպաստի տնտեսության աշխուժացմանը, հատկապես` զբոսաշրջային սեզոնի նախաշեմին:
«Առաջին լրատվականը» դիմեց ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` պարզելու` արդյոք մեր երկրում հարկային նման փոփոխություն նախատեսվում է, թե ոչ: Գերատեսչության պատասխանը հստակ չէր, սակայն մի բան պարզ դարձավ` մոտ ապագայում ԱԱՀ-ի թեթևացում չսպասեք:
«Երբ տնտեսությունն օլիգարխիկ է, բուժում գոյություն չունի: Մեկ բուժում կա` այդ օլիգարխիկ տնտեսական համակարգը ջարդելն է: Հակառակ պարագայում ցանկացած օրենքի փոփոխություն տնտեսության մեջ էական դեր չի խաղա»,- մեզ հետ զրույցում ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Կառավարության վարած ֆիսկալ քաղաքականությունն այսօր միտված է մի նպատակի` ցանկացած գնով լցնել բյուջեն: Օլիգարխիկ համակարգը կազմացրելու առաջին նախապայմանը ֆիսկալ քաղաքականության փոփոխությունն է, ինչը պահանջում է պետության առաջին դեմքի քաղաքական կամք: Հ. Մեսրոբյանի խոսքով, եթե այդ կամքը չկա, ոչ մի դեղամիջոց չի աշխատի. «Օլիգարխիկ համակարգի պայմաններում տնտեսությունը դատապարտված է լինել անմրցունակ և ունենալ նահանջ»:
ՀՀ իշխանությունները հաճախ հետևում են Ռուսաստանի օրինակին: Վերջինիս կառավարությունը, կարծես, մտադրվել է հարկային բեռի փոփոխություններ իրականացնել, մասնավորապես, հարկային բեռն ավելացնել գազի ոլորտում և թեթևացնել մյուս ոլորտներում: Այսինքն, փորձում են բյուջեն լցնել բնական մենաշնորhներից, մյուս դաշտերին հնարավորություն տալ զարգանալ, բայց քանի որ, ինչպես նշում է Հ. Մեսրոբյանը, Ռուսաստանն էլ ունի շատ անարդյունավետ կառավարման համակարգ, մեծ հարց է, արդյոք նրան կհաջողվի՞ աշխուժացնել տնտեսությունը:
Կառավարման փորձագետը փաստեց, որ Վրաստանը գնում է այլ ճանապարհով և այս տարածաշրջանում մյուս երկրներից տարբերվում է նրանով, որ, իրոք, քայլեր է ձեռնարկում իր տնտեսությունն աշխուժացնելու համար` սկսած կոռուպցիայի զգալի կրճատումից, մինչև տարբեր ոլորտներին հարկային առավելություների տրամադրում, այդ թվում` զբոսաշրջային:








































