ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի կարծիքով, ԼՂ հարցում Ռուսաստանի և միջազգային հանրության վերջին շրջանում դրսևորած ակտիվությունը պայմանավորված է հիմնականում նրանով, որ երաշխավորի պատերազմական գործողությունների և ուժի կիրառման անթույլատրելիությունը:
Բաբայանը նկատեց, որ այդ ջանքերը մասնավորապես կապված են Ադրբեջանի գործողությունների հետ: «Չեմ կարծում, որ Ադրբեջանը օբյեկտիվ իրականությունը հաշվի առնելով պատերազմ կսկսի, բայց սուբյեկտիվ մոտեցումները, ինչ-ինչ ներքին քաղաքական զարգացումները կարող են այդպիսի հիմք ծառայել, մանավանդ, որ ադրբեջանական հասարակությունը սրսկված է հակահայկական տրամադրությամբ: Այս բոլորն, իհարկե, չի կարող չանհանգստացնել միջազգային հանրությանը»:
Ըստ Բաբայանի՝ սուբյեկտիվ պատճառներից մեկն էլ այն է, որ Ադրբեջանի իշխանությունները, հաշվի չառնելով երկրի սոցիալ-տնտեսական վատ իրավիճակը, մեծ գումարներ են ուղղում բանակին, միշտ խոսում են պատերազմական գործողությունների մասին, բայց որևէ բան չեն անում, և ադրբեջանական հասարակության մոտ հարց է ծագում, թե ինչքա՞ն կարող է շարունակվել այդ իրավիճակը. «Հնարավոր է՝ լինի ներքաղաքական պահանջ կամ հրաժարվեն այդ քաղաքականությունից և ֆինանսական միջոցներն ուղղեն սոցիալ-տնտեսական զարգացմանը, կամ էլ գնան կոնկրետ քայլերի»:
Դավիթ Բաբայանը նկատեց, որ Կազանից հետո Ռուսաստանի ակտիվությունը որևէ կապ չունի վերջինիս հեղինակության հետ. «Ռուսաստանի հեղինակությունը այդ առաքելությունից ոչ տուժում է, ոչ էլ բարձրանում, այն տարիներ շարունակ կայուն պահպանվում է: Հակամարտությունն այնքան բարդ է, որ բոլորն էլ գիտեն, որ մեկ հանդիպման ընթացքում հնարավոր չէ գալ ընդհանուր հայտարարի, նույնիսկ եթե ստորագրվում է ինչ-որ փաստաթուղթ: Այնպես որ, գործընթացը շարունակվելու է երկար ժամանակ»:








































