Անհետացած մալայզիական Boeing 777-200 օդանավի չինացի ուղևորների մի քանի տասնյակ հարազատներ ցույցի են դուրս եկել Պեկինում Մալայզիայի դեսպանատան դիմաց: Նրանք Մալայզիայի իշխանություններից պահանջում են պարզաբանում, թե ինչ է տեղի ունեցել օդանավի հետ: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Մարդիկ սկսել էին հավաքվել տեղական ժամանակով մոտ ժամը 11:00-ին (Երևանի ժամանակով 7:00-ին) դիվանագիտական առաքելության դարպասների մոտ այն բանից հետո, երբ ավիաընկերության ներկայացուցիչների՝ երեքշաբթի ծրագրած ամենօրյա շփումն իրենց հետ տեղի չի ունեցել նշված ժամին:
Նրանց ձեռքերին եղել են «Վերադարձրե´ք մեր հարազատներին» գրությամբ պաստառներ: Հավաքվածներից ոմանք սկսել են ջրով շշեր նետել դեսպանության անվտանգությունն ապահովող ոստիկանների ուղղությամբ: Ոստիկաններին հաջողվել է հետ մղել ցուցարարներին:
Երկուշաբթի ավիաընկերությունը հայտարարություն էր տարածել՝ խոստովանելով, որ օդանավում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են:








































