Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցներն ադամանդի ներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերության տնօրենի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս վերջինիս չփաստարկված պահանջներ են ներկայացրել՝ իրացման շրջանառությունը հիմնականում հաշիվ-ապրանքագրերով կազմակերպելու վերաբերյալ՝ սպառնալով հակառակ դեպքում ստուգողական բնույթի բազմաթիվ միջոցառումներ իրականացնել՝ ըստ էության ստեղծելով գործունեության անտանելի պայմաններ: Տնտեսվարողին անելանելի դրության մեջ դնելուց հետո՝ ՊԵԿ պաշտոնատար անձինք ընկերության նկատմամբ բարեհաճ վերաբերմունք դրսևորելու, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում թվացյալ խախտումներ չհայտնաբերելու և լրացուցիչ հարկային պարտավորություններ չառաջադրելու համար պահանջել են շուրջ 2.000.000 դրամ կաշառք, որը սակարկությունների արդյունքում նվազեցվել է մինչև 1.000.000 ՀՀ դրամի:
Պայմանավորված գումարի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ինչից անմիջապես հետո պաշտոնատար անձինք բռնվել և բերման են ենթարկվել:
Նման հաղորդագրությունների վերջերս հաճախ ենք հանդիպում։ Ոչ վաղ անցյալում՝ հենց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ասուլիսի օրը, ԱԱԾ-ն կրկին ՊԵԿ պաշտոնյաների կողմից կաշառքի դրվագով բացահայտման մասին հաղորդագրություն տարածեց։
Մեկ այլ դեպք էլ այս ամսվա սկզբին գրանցվեց։ Հուլիսի 9-ին ՀՀ ՊԵԿ հարկային օպերատիվ վարչության Գորիսի տարածքային հարկային տեսչության գլխավոր տեսուչը «Կապույտ բազալտ» ՍՊԸ-ից պահանջել և որպես կաշառք ստացել էր բազալտ քար` ընդհանուր առմամբ՝ շուրջ 600.000 ՀՀ դրամի արժեքի չափով։
Տեսուչը տեղյակ էր եղել, որ ՍՊԸ-ն առանց համապատասխան թույլտվության իրականացրել է քարի արդյունահանում և վաճառք, ինչպես նաև չի գրանցել աշխատակիցների գերակշիռ մասին։ Հենց այս ամենը չարձանագրելու և օրինական ընթացք չտալու համար էլ ՊԵԿ–ի տեսուչը կաշառք էր պահանջել։ ԱԱԾ-ն բացահայտէլ էր կատարվածը, իսկ ՊԵԿ աշխատակիցը կալանավորվել էր։
«Թրանսփարենսի ինթերնեյշնալ» հակակոռուպցիոն կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ այս բացահայտումները դեռևս չեն ապացուցում, որ գործ ունենք համակարգային կոռուպցիայի հետ, որի բացառման մասին խոսվել է քաղաքական ղեկավարության կողմից ամենաբարձր մակարդակով։ «Համակարգային կոռուպցիա ասելով հասկանալի է դառնում կոռուպցիոն շղթա։ Այսինքն՝ երբ մեկը գումար է վերցնում կաշառքի տեսքով և դրա որոշակի մասը փոխանցում է վերևներին։ ԱԱԾ բացահայտումներով այդ շղթան չի երևում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ սա համակարգային կոռուպցիա չէ։
Կոռուպցիա, այո, կա, քանի որ այդ մարդկանց համար շատ դժվար է նոր իրողությունների պարագայում մաքուր աշխատել։ Մաքուր աշխատելու համար նաև այլ նախապայմաններ են պետք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հոկտանյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ անկախ նրանից, թե երևույթը համակարգային է թե առանձին դիսևորումներով, մեկ է, երևույթը նույնքան վտանգավոր է, որքան նախկինում: «Եթե երևույթը կա, դա շատ վատ է։ Պարզապես այստեղ կա նաև խնդրի բարոյական կողմը այն իմաստով, որ երկրի նոր ղեկավարությունը դրսևորում է քաղաքական կամք երկրում կոռուպցիան նվազագույնի հասցնելու համար։ Ու եթե հանկարծ պարզվում է, որ առաջին դեմքից բացի՝ մյուսների մեջ այդ քաղաքական կամքը չկա, դա շատ վտանգավոր բան է, և դա ուղղակի վարկաբեկում է հեղափոխությունը։ Եթե հեղափոխոթյուն արվեց, ու դրանից հետո մենք կրկին ականատես ենք լինում կոռուպցիոն երևույթների, սա ուղղակի նշանակում է հեղափոխության վարկաբեկում։ Առավել ևս, եթե պարզվի, որ դա համակարգային բնույթ ունի, դա արդեն շատ-շատ վատ հետևանքների կարող է հանգեցնել»,- ընդգծեց Հոկտանյանը։











































