Երկուշաբթի ԱՄՆ սենատում անցկացվել է ընթացակարգային քվեարկություն՝ Ուկրաինային աջակցելու միջոցառումների և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին: Այժմ փաստաթուղթը պետք է վերջնական քվեարկության դրվի: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում անելով ամերիկյան հեռուստաալիքներին:
Սենատորները 78 ձայնով կողմ են քվեարկել օրինագծին, որով երաշխավորվում է 1 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինայի պարտքերի համար, ինչպես նաև 150 մլն դոլար արժողությամբ օգնության փաթեթ այդ երկրին: Դեմ է արտահայտվել 17 սենատոր: Օրինագիծը ենթադրում է նաև հնարավոր պատժամիջոցներ՝ ընդդեմ Ռուսաստանի և Ուկրաինայի այն քաղաքացիների, որոնց սենատը պատասխանատու կհամարի կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտման և «Ուկրաինայում կայունության խարխլման համար»:
Օրինագիծը ենթադրում է նաև ԱՄՀ կանոնադրային կապիտալի ընդլայնում, ինչը, մասնավորապես, կմեծացնի Ուկրաինայի քվոտան:









































