Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել են սադրիչ գործողություններ, որոնց հետևանքով սպանվել է ՀՀ Զինված ուժերի զինծառայող Արման Բուլղադարյանը և վիրավորվել է ևս երկու զինծառայող:
Ուշագրավն այն է, որ վերջին շրջանում թիրախավորվում է Հայաստանի պետական սահմանը, ադրբեջանական կողմը վերջերս էլ սադրանքի էր դիմել Նախիջևանի տարածքից: ԲՆականաբար հարց է առաջանում ՀԱՊԿ պատասխանատվության մասին:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, քաղաքագետ Հայկ Սուքիասյանը և «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ, վերլուծաբան Հայկ Սահակյանը:
Ազատ Արշակյանի խոսքով՝ ՀԱՊԿ պարտավորության մասին խիստ և հստակ չի արձանագրված: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը տարիներ շարունակ սովորել է զոհի, հալածյալի դերին. «Սա վտանգավոր կարծրատիպ է: Իսկ Օսմանյան կայսրությունը հայտնի է որպես խուլիգան պետություն, որը կարող է ագրեսիայի ենթարկել հարևան պետությանը և մնալ անպատիժ: Ադրբեջանն էլ է իրեն իրավունք վերապահում այդպես վարվել»: Նախկին պատգամավորի խոսքով՝ ՀԱՊԿ-ը մեզ պարտադրված կառույց է. «Որտեղ մենք պետք է հանդես գանք որպես «մանրադրամ», որպես կրակը մեզ վրա վերցնող տարածք: Ես չեմ հավատում, որ Ռուսաստանը Թուրքիայից կպահանջի պահպանել իր դաշնակցի անվտանգությունը»: Հայկ Սուքիասյանը նկատեց, որ իր գործողություններով Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ. «Տարածաշրջանում Ռուսաստանի և Հայաստանի շահերը չեն համընկնում»:
Արդյո՞ք այս սադրանքը իրավիճակային փոփոխության հետևանք է: Ի պատասխան այս հարցի՝ Հայկ Սուքիասյանը նշեց. «ՀՀ անվտանգության քարտուղարը վերջերս հայտնեց, որ նոր ճանապարհ պետք է կառուցվի ՀՀ-ի և Արցախի միջև, Ադրբեջանի ԱԳՆ-ն հապշտապ և ցավոտ արձագանքեց այդ հայտարարությանը: Միգուցե այս համատեքստում եղան կրակոցները»: Քաղաքագետի կարծիքով՝ վերջին օրերին տավուշյան ուղղությամբ հակառակորդի կրակոցները շանտաժ են հայ-վրացական հարաբերության դեմ. «Ադրբեջանը և Թուրքիան ամեն ինչ անում են, որ Վրաստանը մնա իրենց տնտեսական ազդեցության գոտում»:
Հայկ Սահակյանի գնահատմամբ՝ տեղի ունեցածը արցախաադրբեջանական կոնֆլիկտ չէ, այլ ՀՀ ինքնիշխանության խախտում է: Նրա խոսքով՝ զինվորի զոհվելը սադրանք չէ. սա հստակ քաղաքականություն է. «Ադրբեջանը շարունակում է հյուծման քաղաքականությունը՝ լարված պահելով սահմանները: Որպես զոհ հանդես գալը և զինվորի զոհվելը որպես սադրանք ներկայացնելը հոգեբանական խնդիր է»: Վերլուծաբանի խոսքով՝ Ադրբեջանը պետք է հասկանա, որ Հայաստանի վրա իրավունք չունի կրակել, և դրա համար առաջին հերթին մեր կողմից պետք է պատժիչ գործողություններ լինեն: Հ. Սահակյանի կարծիքով՝ անհրաժեշտության դեպքում պետք է հրաժարվել Դուշանբեի պայմանավորվաությունից. «Ադրբեջանը ոչ մի պայմանավորվածություն չի պահպանում»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































