Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ցավակցական հեռագիր է հղել Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Կարեն Բաբուրյանի ընտանիքին՝ նրա մահվան կապակցությամբ:
Հեռագրում ասված է.
«Սրտի կսկիծով տեղեկացա մեր երկրի արժանավոր զավակ, Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով Կարեն Զարմայրի Բաբուրյանի մահվան մասին:
Կարեն Բաբուրյանը ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներից էր և շոշափելի ներդրում ունի Արցախյան անկախ պետականության կերտման գործում: Մեր հանրապետության պատմության ամենապատասխանատու ժամանակահատվածներից մեկում զբաղեցնելով ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը, նա արժանվույնս դրսևորեց իրեն որպես հմուտ հասարակական և քաղաքական գործիչ:
Հայրենիքը բարձր գնահատեց Կարեն Բաբուրյանի վաստակը՝ պարգևատրելով նրան «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:
Անդառնալի կորստի այս ծանր պահին ԼՂՀ իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն և հոգու կորով:
Կարեն Բաբուրյանի հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում»:









































