«Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսն Իսպանիայի Լա Լիգայի 29-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ տոնած հաղթանակից հետո (4:3) ընդգծել է, որ մրցավարը սխալ թույլ տվեց` Քրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ բրազիլացի ֆուտբոլիստի խախտման համար կատալոնական ակումբին պատժելով 11 մետրանոց հարվածով, որն անվրեպ իրացրեց հենց տուժողը:
Իսպանիայի գործող չեմպիոնի ֆուտբոլիստի կարծիքով` խախտումը տեղի է ունեցել ոչ տուգանային հրապարակի սահմաններում:
«Ես խախտեցի կանոնները Ռոնալդուի նկատմամբ, բայց հստակ հասկանում էի, որ դա անում եմ տուգանային հրապարակի սահմաններից դուրս: Բայց մրցավարը 11 մետրանոց նշանակելու որոշում կայացրեց:
Դա հեշտ չէր, քանի որ պետք էր վայրկյանների ընթացքում կրկին մտնել խաղի մեջ: Արդյունքում «Բարսելոնա»-ն 3 միավոր վաստակեց, ինչն էլ մեր գլխավոր նպատակն էր: Կարող եմ հավաստիացնել, որ մենք չեմպիոնության համար պայքարելու ենք մինչև վերջ»,- ասել է Ալվեսը:








































