Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ սկսվում է Գոռ Ս.-ի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի սեպտեմբերի 24-ին, ժամը 11-ի սահմաններում 15-ամյա սարիթաղցի Գոռ Ս.-ն իր երկու ընկերների հետ գնացել է Օտյան փողոցում գտնվող թիվ 105 ավագ դպրոց՝ «իր երկրպագուհի Ս.-ին տեսակցելու»:
Նույն օրը, ժամը 13-ն անց 30-ի սահմաններում դպրոցի մոտակայքում գտնվող Գոռի ընկերախմբի ու Խ. Ա.-ի միջև վիճաբանություն է սկսվել միմյանց երկար նայելու պատճառով:
Պարզաբանումներ կատարելու համար դեռահասները գնացել են Ռ. Մելիքյան փողոցում գործող «Հայորդաց տան» մոտակայք:
Նրանց միջև վիճաբանությունը թեժացել է, վերածվել կռվի: Նրանց է մոտեցել 16-ամյա Ռոման Հ.-ն:
Գոռը սուր կտրող-ծակող գործիքով մեկ անգամ հարվածել է նրա որովայնի ձախ հատվածին՝ հասցնելով որովայնի առաջնային պատի ծակած-կտրած, թափանցող վիրավորում՝ բարակ աղու և հաստ աղու միջընդերքի վնասումով:
Տուժողի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Գոռ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Անչափահաս ամբաստանյալը հանձնված է ծնողների հսկողությանը:









































