«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը։
-Պարո´ն Թումանյան, Կամո Հովհաննիսյանի հրաժարականից հետո բուռն քննարկումներ են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր ղեկավարի ընտրության հարցում: Շրջանառվում է նաև Ձեր անունը: Ի վերջո, ինչպե՞ս կարելի է Օպերայի և բալետի թատրոնը դուրս բերել այս վիճակից:
-Պետք է փաստենք՝ այստեղ աթոռի կռիվ չէ: Բոլոր տեղերում պետք են լավ մասնագետներ: Ամենակարևորը՝ Օպերային թատրոնի խնդրի գենեզիսի պարզաբանումն է, թե որտեղից է առաջացել այդ խնդիրը: Իհարկե, 20 տարվա ընթացքում շատ դժվար պայմաններում գտնված երկիրը չէր կարող ոտք գցել Եվրոպայի, Արևմուտքի հետ (ֆինանսական մասը մի կողմ թողնենք, որովհետև կարելի է շատ սուղ ռեսուրսներով, բայց ռեժիսորական նոր մոտեցմամբ, ճիշտ լուծումներով հետ չմնալ ո՛չ Եվրոպայից, ո՛չ Արևմուտքից, ո՛չ էլ Ռուսաստանից): Սկսած 19-րդ դարից՝ Ռուսաստանը համարում եմ արվեստի բնագավառում ամենահզոր ուժերից մեկը: 20-րդ դարում մենք դարձանք ռուսական արվեստի մասնաճյուղ, մեր թատրոնը հիանալի անուն ուներ և կրում էր հիանալի արվեստի էությունը:
Այսպիսով, մենք պետք է հասկանանք օպերային թատրոնի էությունը, և թե այն իրենից ինչ է ներկայացնում: Այստեղից սկսվում են բոլոր խնդիրները:
Թատրոնի էությունն այն է, որ օպերային արվեստը սինթետիկ արվեստ է, տարբեր արվեստների համադրում: Նա, ով գալիս է թատրոն, պետք է առնչվի Գյոթեի, Շեքսպիրի, Վերդիի, Վելասկեսի, ժամանակի թագավորների, մարգարեների հետ: Այսինքն՝ մենք մեկ ներկայացման ընթացքում, օրինակ՝ «Դոն Կարլոս» օպերայում, առնչվում ենք Շիլլերի, Վերդիի, հզոր տիրակալ, ինկվիզիցիայի հայր Ֆիլիպ 2-րդին՝ իր դաժանությամբ, բայց դրանով նա փրկեց Իսպանիան: Այսինքն՝ անգամ երկրի կառավարման մոդելներ, երկրի հեղափոխությունների պատճառներ, ոսկյա ճշմարտության բացատրում և բացահայտում է տեղի ունենում:
Օպերային արվեստը նույն առաքելությունն է կատարում, ինչ հոգևոր տաճարն է անում: Այն աստվածային ճշմարտության շուրջ ձևավորված մարդկային բոլոր թուլությունների և հզորության պայքարի մոդելավորումն է ստեղծագործական՝ օպերային կամ բալետի ձևով:
Եվ կա մեծ օպերայի գաղափարը՝ գրանդ օպերան` մեծ թատրոնը, օպերային արվեստի տեսակը, որտեղ և՛ բալետն է, և՛ օպերան, և՛ երգչախումբը… Այս ձևաչափից հետո սովետական ինչ-որ շրջանում ուզում էին գրանդ օպերայի ֆորմատը ժողովրդական տան վերածել, որ մասսայական լիներ: Հետո տեսան, որ օպերային թատրոնը մնում է օպերային թատրոն, և ժողովրդական տների փոխարեն կուլտուրայի տներ առաջացան: Մենք տեսնում ենք, որ այսօր օպերային թատրոնը սկսում է հավասարվել կուլտուրայի տան որակին, որտեղ կարող են վարձով համերգներ լինել…
–Ի դեպ, ամենացածրաճաշակ, ռաբիզ երգչից մինչև…
– Այո´, հենց սա է խնդիրը: Ամեն մեկն իր տեղն ունի: Ռաբիզ երգիչն ունի իր ռեստորանը, որտեղ մարդիկ գնում են, որովհետև այդ երաժշտությունը դու կարող ես լսել ոչ ադեկվատ վիճակում։ Այնտեղ Շեքսպիր չէ, որ խորանաս փիլիսոփայության մեջ և ճաշակես այդ հոգեբանությունը։ Այնպես որ, մեզ մոտ սկսվում է տարաձայնություն, և մենք գնում ենք ինչ-որ զիջումների, ոչ թե փոխհամաձայնության, այլ զիջումների:
Իսկ թոփ-մենեջերները, PR մենեջները և այլն, սրանք արտասահմանյան ինչ-որ խոսքեր են, որոնք իրականում այն կազմակերպչական ուժերն են, որոնք կազմակերպում են այս գաղափարը: Մեզ թոփ-մենեջեր պետք չէ:
-Նկատի ունեք Օպերայի և բալետի թատրոնի՞ն…
-Օպերայի և հասարակության հարաբերություններին:
–Մենեջերը չի՞ կարող հասկանալ բուն էությունը:
-Կարող է, պարտավոր է, բայց ի՞նչ մենեջեր… Օպերային մենեջերը հատուկ մենեջմենթ պետք է իրականացնի և հենց օպերային արվեստի շուրջ մասնագիտանա:
–Մենք չունե՞նք այդ տեսակի դպրոց:
-Չունենք: Հասկանո՞ւմ եք՝ Կոկա -կոլայի կամ մի որևէ ուրիշ կազմակերպության մենեջերը, որքան էլ ճարպիկ, խելացի, տաղանդավոր լինի, միևնույն է, պետք է ինչ-որ դասընթացներ անցնի օպերային թատրոնում, պետք է երկար տարիներ աշխատի, որ ձևավորվի: Տեսեք` մեր չկայանալու գենեզիսներից մեկն էլ այն է, թե այս 20 տարիների ընթացքում ո՞ւմ ենք մենք թատրոնում աճեցրել՝ որպես մենեջերի, որ օպերայի էությունը հասկանա:
–Ոչ մեկի:
-Ուրեմն, մենք անգամ դրա մասին չենք մտածել: Հենց այսօրվանից ով էլ որ գա, պետք է առաջին հերթին մտածի` իրենից հետո ով է լինելու, որպեսզի նա իր ամբողջ փորձառությունը տա: Իսկ փորձառություն ունեցողն այսօր, փաստորեն, մի քանի հոգի էին. Գեղամ Գրիգորյանն էր, որն իր ժամանակին որքանով կարողացավ ներդրեց իր տաղանդը, ուժը: Ես մոտ չէի գալիս, քանի որ շատ զբաղված էի արտասահմանյան իմ խաղացանկով, բայց ես ունեմ այնտեղի աշխատանքի փորձը և գիտեմ՝ ինչ է պետք անել: Այլ խնդիր է` կարո՞ղ եմ, թե՞ ոչ, կցանականա՞մ, թե՞ ոչ: Հիմա եթե ցանկություն եմ հայտնում, նշանակում է, որ ես ինչ-որ գիտելիքներ և փորձառություն ունեմ այդ ամենն անելու համար:
Այժմ եկեք մենք տարաձայնենք գաղափարները: Առաջինը, որի կրողն եմ ես, մեծն օպերայի տեսակն է, որն ունի այլ տեսակի սխեմատիկ լուծում, այլ տեսակի ճարտարապետական լուծում, որի մեջ կմտնի և տեղաբաշխումը: Մենք ունենք երկրորդը, որը մասամբ շոու է, որին ես վերաբերում եմ՝ որպես ցուցամոլության տոնավաճառի, որովհետև այստեղ չի կարող խոսք գնալ ոսկյա ճշմարտության մասին, որովհետև եթե Ռոմեո-Ջուլիետի սերը, կամ Աիդայի սերը կլինի, կամ Օթելլոն կլինի, ամեն տեղ մենք տեսնում ենք այնպիսի դրամա, թատրոն, որտեղ բացարձակ մարդկանց իդեալներն են մեկնաբանվում, իսկ շոուի ժամանակ մասամբ պետք է էրոտիկա լինի, մասամբ՝ գերբնական մարմիններ, ինչ-որ նոր խոսք: Արևմուտքում դրանով պղծել են օպերային թատրոնը, բայց դասական, մայրաքաղաքային թատրոններում՝ ոչ:
Մեր թատրոնը, ուզենք թե ոչ, մայրաքաղաքային է, հայկական է և համահայկական է: Այստեղ կա այլ բան երկրորդ կարգավիճակի համար, և երրորդը` ժողովրդական տուն, որի մեջ մենք համարյա գտնվում ենք: Այստեղ կարող են և´ ժողովրդական պարեր լինել, և´ կարող է շոու-բիզնես լինել, և´ անգամ օպերային: Այս երեք կատեգորիաները մենք պետք է տարանջատենք միմյանցից և նոր սկսենք ընտրել` որի համար ենք մենք ընտրում։ Սա կարևորագույն խնդիրն է:
Մենք տարբերենք` ինչ ենք ցանկանում։ Պետականորեն մենք ուզո՞ւմ ենք, որ ունենանք Օպերային թատրոն, թե՞ ուզում ենք ունենալ շոու-բիզնես, որ մի քիչ էլ գումար բերի, որպեսզի կարողանա զարգանալ, թե՞ ուզում ենք պարզապես արդեն ժողովրդական տուն:
–Պարո´ն Թումանյան, այնուամենայնիվ, Դուք ներկայացրել եք այս հայեցակարգը: Կարո՞ղ ենք ասել, որ Դուք պատրաստ եք այսօր հետ բերելու թատրոնը կամ ուշքի բերելու այն:
-Բնականաբար պատրաստ եմ, գիտեմ դժվարությունները: Փորձը Եվրոպայում ավելի հեշտ կլիներ, որովհետև ես Եվրոպայում էլ իմ հայեցակարգով կարող եմ ղեկավարել որևէ թատրոն, և այնտեղ հաստատ ավելի հեշտ կլինի, որովհետև այդ աշխատող մեխանզմները, գործիքները և թատրոնի կառուցվածքը շատ ամուր են դրված: Մեզ մոտ դա դեռ պետք է ստեղծվի, և մեզ մոտ շատ ավելի դժվար կլինի:
–Հայեցակարգն արդեն դրել եք քննարկման: Նախարարությունը, նախարարն արձագանքե՞լ են:
-Դեռ կարձագանքեն: Նախարարությունը, ըստ իս, շատ գործ է արել Օպերային թատրոնի համար: Ես ինքս մասնակիցն եմ եղել դրան, քանի որ եղել եմ կառավարող հանձնաժողովի անդամներից մեկը, պարզապես կառավարման ժամանակ անձնական ճաշակի տեր մարդիկ որ հայեցակարգով աշխատեցրել են Օպերայի թատրոնը, դա էլ հենց բերել է այն թուլությանը, որ ոչ թե համակարգով են մտածել` ինչ երգիչների կամ բալետի մենակատարների շուրջ ինչ քաղաքականությամբ է ծավալվում երգացանկը, թե մենք ինչ ենք ուզում վաղը կամ այսօր ցուցադրել մեր ժողովրդին, կա՞ այստեղ քաղաքականություն` միջնադա՞ր, թե՞ ժամանակակից օպերան. իհարկե, ոչ թե հատուկ զննման կարիք ունի, այլ խնդիր է, որ եթե մենք հիմա խնդիրը դնում ենք, որ ունենանք դասական օպերային տաճար, որտեղ մարդիկ գալիս են հանգստանալու, մաքրվելու, վերապրելու, օրինակ, Ջուլիետայի սերը, որ աշխարհում դեռ մնացել է այդ մաքուր սերը, ատելությունը պատժվում է և այլն: Բոլոր հարցերի պատասխանները կան օպերային թատրոնում:
–Օպերայի և բալետի թատրոնի մուտքը մի տեղից է, որտեղ բազմաթիվ ակցիաներ և հանրահավաքներ են լինում: Մարդիկ որ գալիս են արվեստի հետ հաղորդակցվելու, և դրսում հանրահավաք է. արդյո՞ք կարող է նույն հոգեվիճակով գալ: Այսինքն՝ ինչ–որ մի բան խաթարվում է: Կա՞ այդ զգացողությունը Ձեզ մոտ, թե՞ ոչ, և արդյոք այն պե՞տք է ոչ թե Ազատության, այլ Թատերական հրապարակ կոչվի:
-Պատմականորեն այդպես է դասավորվել: Օպերային թատրոնն իր գաղափարներով չպետք է դառնա շոու, նույնն էլ Ազատության հրապարակը պետք է մեզ համար շոուի չծառայի, պետք է իրական գաղափարների շուրջ հավաքվեն: Եթե հավաքվում են երկրի պրոգրեսի, բարգավաճման, զարգացման շուրջ….
– ԲՀԿ–ն ասում է` ես բարգավաճման համար եմ…
-Բարգավաճման համար ԲՀԿ-ն նկատի չունեի։
–Դե բառերն այնպես են աղավաղված…
– Ոչինչ, լավ է, ինչ է եղել, թող ցանկանա, և ես ուրախ եմ, եթե այդ ամբողջ գործընթացը պետք է մեկը մյուսին չխանգարի: Եթե մեկը մյուսին պետք է օգնի, այլ խնդիր է: Այս տեսանկյունից ես փոքր-ինչ սառնասիրտ եմ։ Ես գնում-գալիս եմ, համեմատում եմ, ինձ համար շատ ցավալի է, որ մենք ներքին բախումներ ենք ունենում: Կարծես մարդ ինքն իրեն սկսում է կոտրել, փշրել, ինքն իրեն հակասել: Վերջին հաշվով, Հայաստանը մի մարմին է, և կառավարությունում գտնվող բոլորն էլ մեզ նման մարդիկ են, մեզնից ծնված: Ուրեմն, եթե մենք ուզում ենք որևէ բան փոխել, պետք է սկսենք ինքներս մեզնից: Մեջբերում անեմ Չերչիլի խոսքերը, որ սկզբից նա ցանկանում էր աշխարհը փոխել, հետո ուզում էր մարդկանց փոխել, հետո հասկացավ, որ ինքն իրեն պետք է փոխի:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:









































