Երեկ ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Արման Բուլղադարյանը։ «Ցավալի լուր. այսօր ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։ Ցավակցում ենք Արմանի հարազատներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Երկու օրվա ընթացքում Ադրբեջանն ինտենսիվորեն թիրախավորում է Հայաստանի պետական սահմանը, ինչի հետևանքով ունենք մեկ զոհ, մեկ վիրավոր։
Դեռևս նախօրեին գրել էինք, որ, բնականաբար, հարց է ծագում ՀԱՊԿ դերակատարության, պատասխանատվության մասին, ու ակամայից՝ գոնե անուղղակիորեն, բացատրելի է Բաքվի վերջին երկու օրերի սադրանքի մոտիվացիան։ Օրերս Ռուսաստանի Պետդուման վավերացրել է ՀԱՊԿ կանոնադրական փոփոխությունների նախաձեռնությունը, որ ներկայացրել է ՌԴ նախագահ Պուտինը: Դրանով նախատեսվում է ՀԱՊԿ դիտորդի և գործընկերոջ կարգավիճակի սահմանում: Այս նախաձեռնությունը հատկապես ուշագրավ է Հայաստանի ու նրա անվտանգության տեսանկյունից, որովհետև, տարածված կարծիքի համաձայն, Պուտինի այս նախաձեռնությունը, որին, ի դեպ, համաձայնություն է տվել նաև Հայաստանի ներկայացուցիչը, ճանապարհ է բացում Ադրբեջանի ու Թուրքիայի համար։
Նախորդ հրապարակման մեջ չէինք բացառել, որ վերջին օրերին Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ կատարված ադրբեջանական կրակոցներն արձագանք էին Ռուսաստանի Պետդումայի վավերացմանը, այլ խոսքով՝ Բաքվում Պուտինի նախաձեռնությունը համարել են ագրեսիվ քաղաքականության «կանաչ լույս»։ Երեկվա միջադեպից հետո այս կարծիքն ավելի հաստատուն դարձավ։
Դժվար է ենթադրել, որ ՀԱՊԿ-ն այս անգամ հանդես կգա ավելի բովանդակային հայտարարությամբ՝ հստակ քաղաքական գնահատական տալով Բաքվի ագրեսիվ քաղաքականությանը, առավել ևս, որ Բաքվի նկատմամբ կկիրառվեն կոնկրետ դիվանագիտական գործողություններ կամ սանկցիաներ, որովհետև, գուցե պարադոքսալ հնչի, Ադրբեջանը այս կառույցում ավելի շատ դաշնակիցներ ունի, քան Հայաստանը։
Ռուսական վերնախավում, առայժմ փորձագիտական մակարդակով, բացահայտ խոսում են այն մասին, որ հայկական շահերի հաշվին սակարկում են Անկարայի ու Բաքվի հետ, ու սակարկության հարթակներից մեկն անշուշտ լինելու է հենց ՀԱՊԿ-ի հարթակը։
ՀԱՊԿ-ն ակնհայտորեն չի կատարում իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ, ինչից հետևում է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի պատասխանատվության աստիճանը տրամաբանորեն պետք է լինի փոխադարձաբար համարժեք կամ հայելային։
Ադրբեջանը բացահայտորեն պատրաստվում է պատերազմի, շատ դեպքերում՝ մեր հյուսիսային ռազմավարական գործընկերոջ ուղղակի կամ անուղղակի աջակցությամբ։ Սա գրեթե հաստատված իրողություն է, որն իրավիճակը նույնացնում է այն վտանգավոր համատեքստին, որը 2016-ին հանգեցրեց Քառօրյա պատերազմին։
Այս համատեքստում տարակուսելի է Հայաստանի գործող իշխանության արտաքին քաղաքականությունը, նրա որակը։ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության տրամաբանությունը մնում է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի դիվանագիտության համատեքստի մեջ՝ ուղղակիորեն մոտեցնելով նոր պատերազմի վտանգը, մեր երկիրը դարձնելով անպաշտպան Մոսկվայի ու Բաքվի սեպարատ համաձայնությունների հանդիման։ Հայաստանը շարունակում է վարել միակողմանի, անբովանդակ արտաքին քաղաքականություն, ինչի հետևանքով ռուսական ճնշումը Երևանի վրա մեծանում է ու կարծես թե ունենում է իր առաջին առարկայական դրսևորումները՝ ինչքան էլ իշխանությունները խնամքով փորձեն քողարկել այդ փաստը։
Հայկական հեղափոխության նվաճումներից մեկը եղել է հայ-ռուսական վասալային հարաբերությունների չեղարկումը, ինչին վերադարձն առնվազն կարող է ստվերել Հայաստանում տեղի ունեցած պատմական իրադարձությունների քաղաքական նշանակությունը։ Նախօրեին Վրաստանում մեկնարկել է Agile Spirit 2019 բազմազգ զորավարժանքը։ Հայաստանն այդպես էլ որոշեց չմասնակցել այդ զորավարժանքներին։ Այս տարի այդ կարևոր ռեգիոնալ միջոցառմանը մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 14 երկրների շուրջ 3 հազար զինվորականներ։ Զորավարժանքները կտևեն մինչև օգոստոսի 9-ը և կկայանան Սենակիում, Վազիանիում և Ախալցխայում։ Խնդիրն առաձին վերցրած մեկ զորավարժությունը չէ, այլ այն, որ նույնիսկ հեղափոխությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության բովանդակությունը չի փոխվել, ու մեր նոր իշխանությունը հետևողականորեն ձեռնպահ է մնում քայլերից, որոնք կնպաստեն արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային։
Հայաստանի պետական սահմանի նկատմամբ արձանագրված ոտնձգությունները, զինծառայողի մահը ոչ միայն Բաքվի ագրեսիվ քաղաքականության ու Մոսկվայի բացահայտ ցինիզմի, այլ նաև Հայաստանի իշխանության անատամ ու անորակ արտաքին քաղաքականության հետևանքն են։ Նոր պատերազմը բախում է մեր դուռը, ու դա հնարավոր է դառնում նաև Երևանի քաղաքականության հետևանքով։









































