Հայաստանի քաղաքացի Յուրի Վարդանյանին 1 միլիոն 600 հազարից ավելի եվրոյի փոխհատուցման վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռը մեծ արձագանք է գտել Հայաստանի հանրության շրջանում: Ինչպես հայտնի է, խոսքը վերաբերում է Հայաստանի տնտեսության «վագրային թռիչքի» ժամանակներում «պետության կարիքների» անվան ներքո քաղաքացիների սեփականության նկատմամբ ոտնձգությունների շղթայի օղակներից մեկին, որ ծավալվում էր 2006-07 թվականներին, երբ նախագահում էր Ռոբերտ Քոչարյանը:
Նախկինում էլ ՄԻԵԴ-ը կայացրել է այդպիսի որոշումներ այդ գործերի վերաբերյալ, սակայն հանրության արձագանքը չի եղել այդպիսին այն պատճառով, որ նախկինում փոխհատուցման համար սահմանվում էր անհամեմատ ավելի փոքր ծավալ՝ ի տարբերություն ներկայիս որոշման, որն, ի դեպ, կարող է դառնալ նախադեպ հնարավոր այլ որոշումների համար, քանի որ այդ թեմայով դեռ շատ գործեր են գտնվում Եվրադատարանում:
ՄԻԵԴ-ն իր այդ որոշմամբ Հայաստանում կարծես թե խթանել է թավշյա հեղափոխության օրակարգի կարևոր հարցերից մեկի նոր ալիք՝ պետությունից ու հանրությունից խլվածի վերադարձի հարցը: Այդ իմաստով մի կողմից՝ նոր կառավարությանը պարտադրելով վճարել նախկին իշխանության կատարած անօրինականության համար՝ մեծ փոխհատուցում տալով այդ անօրինականությունից տուժած քաղաքացուն, մյուս կողմից՝ ՄԻԵԴ-ը, իր վճռի որոշակի աննախադեպությամբ առաջացնելով հանրային մեծ արձագանք, նաև որոշակի օժանդակություն է ցուցաբերում նոր կառավարությանը հին համակարգի յուրացրածը վերադարձնելու հարցի քաղաքական և հասարակական լեգիտիմության տեսանկյունից:
ՄԻԵԴ վճիռը, կամա թե ակամա, պարունակում է այդ խնդրում հասարակական-քաղաքական լեգիտիմության բարձրացման խթան: Իսկ դա, մասնավորապես, պետք է կապիտալիզացնել արդեն օրենսդրական դաշտում քայլերով, մասնավորապես անօրինական գույքի առանց դատարանի վճռի բռնագանձման հնարավորությունների մասին օրենքը հնարավորինս արագ առաջ մղելու հարցում, որը թույլ կտա բարձրացնել պետությունից և հանրությունից խլվածի վերադարձի էֆեկտիվությունը:
Ահա այդ տեսանկյունից Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր որոշմամբ գործնականում ձևավորում է նաև Հայաստանի նոր կառավարության յուրօրինակ փաստարկ հենց եվրոպական կառույցների հետ աշխատանքում, ինչն անհրաժեշտ է օրենսդրական փոփոխությունները առաջ մղելու համար:
Այս դեպքում ՄԻԵԴ վճիռը իրապես տպավորիչ փաստարկ է, որ հանրությունից և պետությունից յուրացվածի վերադարձի ուղղությամբ իրավաքաղաքական նախաձեռնությունները որևէ քաղաքական հետապնդում չեն, այլ Հայաստանում նախկինում գործած համակարգի՝ պետությանն ու հանրությանը հասցրած վնասի հետևանքի վերականգնման նվազագույն անհրաժեշտություն: Անհրաժեշտություն, որն, ի դեպ, իրականացվում է կամ փորձ է արվում իրականացնել առանց կուլակաթափության, այլ ընդամենը հենց փաստարկային հիմնավորումներով, հանրային համերաշխության սկզբունքը չխախտելու համար: Եվ եթե դրանով հետապնդվում է որևէ բան, ապա՝ Հայաստանի քաղաքացու, հանրության և պետության շահը, ըստ այդմ՝ Հայաստանում ժողովրդավարական վերափոխումների և ժողովրդավարության հաստատման շահը:











































