Հայաստանն ախտահարված է անհուսությամբ, որն արտահայտվում է օրավուր ուժգնացող արտագաղթով և դրանից բխող անդառնալի հետևանքներով: Մի քանի տարի շարունակ Հայաստանում նվազում է ծնելիությունը, որի ֆոնին խամրում է թերևս ամեն ինչ: Ժողովրդագրական ցուցանիշը Հայաստանի համար շարունակում է մնալ ամենամեծ սպառնալիքը, ավելի մեծ սպառնալիք, քան, ասենք, որևէ արտաքին թշնամի: Ժողովրդագրական խնդիրը Հայաստանում անդրադառնում է գրեթե բոլոր ոլորտների վրա, բոլոր հարթություններում: Ընդ որում, խնդիրն առավել մեծանում և աղետալի է դառնում այն պատճառով, որ, ժողովրդագրական պատկերի հետ միասին, Հայաստանում աղավաղվում է նաև հասարակական որակը: Այսինքն՝ ժողովրդագրական ցուցանիշները նվազում են հասարակական որակի հաշվին, դրան զուգահեռ:
Երբ այդ վտանգավոր վիճակագրական և բարոյահոգեբանական ցուցանիշների ֆոնին տեսնում ենք, թե ինչով է զբաղված երկրի իշխանությունը, ապա մնում է առնվազն միայն տարակուսել: Երկրում կա ծնելիության անկում, երկրում կա ժողովրդագրական լուրջ մարտահրավեր, արտագաղթի կամ արտագնա երկարատև աշխատանքի մեծ ծավալ, իսկ այդ ֆոնին իշխանությունը զբաղված է ներիշխանական հարաբերություններ պարզելով, երբ մեկը փորձում է իր իշխանությունը պահպանել, իսկ մյուսը փորձում է վերադառնալ իշխանության:
Հենց այս ամենի ֆոնին բացարձակապես համարժեք չի թվում ընդդիմադիր քաղաքական դաշտի պահվածքը: Ընդդիմությունը տարբեր ամբիոններից, տարբեր առիթներով հայտարարում է Հայաստանի լուրջ խնդիրների, այդ թվում՝ ժողովրդագրական ցուցանիշների անկման մասին, սակայն իր բուն գործունեությամբ, կարծես թե բացարձակապես ադեկվատ չէ իր իսկ բարձրացրած հարցերին, այլապես ընդդիմադիր դաշտում կլինեին երկրում ամբողջական և արմատական իշխանափոխության համախմբում, ոչ թե Տիգրան Սարգսյանի կառավարությանն անվստահություն հայտնելու պարզ և հեռուն գնացող պահանջի շուրջ «կոնսոլիդացիա»:
Քաղաքական տեխնոլոգիաների, քաղաքական մարտավարության տեսանկյունից այս պահանջը «հրաշալիների» համար գուցե կարևոր է, սակայն խնդիրն այն է, որ այդ հարցը Հայաստանի համար ներկայումս իրականանալի չէ առանց ներիշխանական պայմանավորվածության, իսկ այդտեղ հասարակությունն անելիք չունի:
Ցավ է, որ երկրի համար բախտորոշ հարցերը կարծես թե չեն դառնում ընդդիմության համախմբման առանցք, չեն միավորում ընդդիմադիր դաշտը և դրանց լուծումների մասին առաջարկություններով ճնշում չեն առաջացնում իշխանության վրա՝ ստիպելով, որ, ներիշխանական ինտրիգների, իշխանական կարկանդակի համար պայքարի փոխարեն, իշխանությունը ձեռնամուխ լինի երկրում ժողովրդագրական ցուցանիշների արագ բարելավման գործին:
Իսկ մինչ այդ, Հայաստանում ավելի ու ավելի դժվար ծնվում են և ավելի ու ավելի հեշտ հեռանում են Հայաստանից: Ու սա իսկապես աղետ է, ընդ որում՝ կրկնակի վտանգավոր, քանի որ դրսևորվում է ժամանակի մեջ տևականորեն, ու ինչքան անցնում է ժամանակը, այնքան դժվար է դառնում աղետի դեմ պայքարի գործը:






































