Հոգևոր հայրերը կիրակի օրերը Մեծ պահքի շրջանում անվանել են Ոսկե շղթա, քանի որ ամեն կիրակի ունի իր խորհուրդը: Մեծ պահքն ունի 7 կիրակի՝ Բուն բարեկենդան, Արտաքսման կիրակի, Անառակի կիրակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան կիրակի և Ծաղկազարդ:
Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Տնտեսի կիրակին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տոնի խորհուրդն է ներկայացնում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Դավիթ քահանա Շաղկյանը:
Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի, ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի մասին առակի: Այն հիշատակում է միայն Ղուկաս ավետարանիչը, որի բովանդակությունը հետևյալն է: Մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան և հաշիվ պահանջում, որոշում հեռացնել աշխատանքից: Տնտեսը հասկանում է, որ կարող է անգործ մնալ, խորամանկության է դիմում: Նա կանչում է տիրոջ պարտապաններին, նրանց շնորհում իրենց ունեցած պարտքի մի մասը: Եվ այս ամենից հետո տերը գովում է տնտեսին` հնարամտությամբ վարվելու համար: Առաջին հայացքից թվում է, թե հակասություն կա այս գովեստի մեջ: Բայց անիրավ տնտեսը պարտապաններին շնորհում է այն, ինչն ավելիով գրել էր իր օգտին` պարտքի շնորհումով` ոչ մի վնաս չպատճառելով իր տիրոջը: Տերը գովում է տնտեսին` իր հասանելիք շահույթից հրաժարվելու համար: Այսինքն` հույժ գովելի է հրաժարումը, որն էլ հենց պահքի իմաստն է:
Անիրավ տնտեսը խորհրդանշում է այն բոլոր մարդկանց, ովքեր զղջում են, ներում իրենց պարտապանների պարտքերը և սիրելի դառնում հրեշտակներին ու արդարներին:
Նշենք որ Մեծ Պահքը սկսվում է Բուն բարեկենդանով: Հենց այդ օրվանից է փակվում եկեղեցիներում վարագույրը: Պահքի շրջանը կավարտվի Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեին: Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 20-ին, և այս տարի առաջին անգամ ամբողջ աշխարհում Զատիկը կնշվի միևնույն օրը:









































