Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական հնարավորությունները համահավասար են: Այսօր «ՆԱՏՕ-Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի աշխատանքային երկրորդ օրվա ընթացքում այս մասին ասաց Մեծ Բրիտանիայի հակամարտությունների հետազոտության և վերլուծության անկախ կենտրոնի ներկայացուցիչ Քրիստոֆեր Լանգթոնը՝ խոսելով «Ռազմականացումը Հարավային Կովկասում: Տարածաշրջանային հակամարտությունները որպես ազդեցության գործիք» թեմայի շուրջ:
Նա նշեց, որ հատկապես 21-րդ դարում Ուկրաինայում տեղի ունեցած զարգացումներից հետո ռազմականացումն աշխարհում դարձել է շատ կարևոր գործոն, և այս իրավիճակում պետք է հասկանալ, թե ինչ ասել է ռազմականացում:
Ըստ նրա՝ ռազմականացումը ունի քանակական, որակական և հոգեբանական պատրաստվածության, հնարավորությունների բնույթ: Լանգթոնը դիմեց ներկաներին՝ ուղղելով հռետորական հարց. «Կարո՞ղ է տարածաշրջանի ռազմականացումն ավարտվել, եթե սկսվել է այս տարածաշրջանում, ես ասում եմ՝ ոչ»:
Նրա որակմամբ՝ տարածաշրջանային երկրները ձգտում են ձևավորել մասնագիտացված ԶՈՒ կամ արդեն ունեն մասնագիտացված ԶՈՒ: Սակայն, ըստ նրա, վտանգավոր է այն, որ ռազմական անհավասարակշռություն կա երկրների միջև:
«Տարածաշրջանը սառը պատերազմից հետո ռազմականացվել է: Եվ կան վտանգներ՝ կապված անհավասարակշռության հետ: Կա վակուում, ձևավորվել է երկխոսության բացակայություն, ինչը ևս վտանգավոր է, ինչպես և հավասարակշռության բացակայությունը: Թափանցիկություն ևս չկա: Ոմանք խոսում են ռազմական մեծացող ծախսերի մասին. դա ցույց է տալիս ռազմականացման միայն մի մասը»,- նշեց նա:
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի հնարավորություններին՝ նա ասաց, որ Հայաստանը կախված է ՌԴ-ից, բայց ԶՈՒ մասնագիտացումը և հրամկազմի բարեփոխումն արագ են զարգանում, իսկ Ադրբեջանը լավ սպառազինություն ունի, սակայն զարգացում չկա. երկու համակարգերը ռազմավարական և պաշտպանունակության առումով համահավասար են:







































