«Մենք այսօր իրավակիրառ պրակտիկայում, արդարադատության համակարգում ունենք աշխատողներ, որոնք տարրական իրավաբանական այբուբենը չգիտեն: Ունենք քննիչներ, որոնք ոչ միայն այբուբենը չգիտեն, այլև տարրական իրավաբանական տրամաբանություն չունեն և կատարում են գործողություններ, որոնք ոչ իրավաբանին անգամ անտրամաբանական են թվում: Եվ այդ կադրերը դուրս են եկել իրավաբանական բուհերից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբանական գրասենյակի կազմում գործող «Քրեական արդարադատություն» գիտավերլուծական խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը՝ անդրադառնալով իրավաբանական կրթության բացթողումներին ու դրանից բխող վտանգներին քրեական արդարադատության համակարգում:
Բանախոսի կարծիքով՝ պետք է մի շարք միջոցառումներ, քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ խնդիրները բացառվեն: Իսկ խնդիրների պատճառը, նրա խոսքով, արմատական են. իրավաբանական բուհերում կրթությունը շարունակում է մնալ խորհրդային համակարգին հատուկ, իրավաբանական կրթությունը խիստ տեսական է, որը հնարավորություն չի տալիս ուսանողին զարգացնելու իրավական մտածողություն, ինչպես նաև տեսական գիտելիքները կիրառելու պակտիկայում՝ ձեռք բերելով պրակտիկ հմտություններ:
«Կարծում եմ՝ նախագահի կարգադրությամբ և դրա հիման վրա ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը կլուծի իրավաբանական կրթության որակներին ներկայացվող պահանջները, կմշակվեն այնպիսի չափորոշիչներ, որոնցով իրավաբանական բուհ ավարտած ուսանողը կլինի նաև գործունակ և թույլ չի տա այնպիսի սխալներ, որոնք մինչ այդ թույլ է տվել իրավական գիտելիքիներ չունենալու պատճառով:
Առաջին անգամ պաշտոնական փաստաթղթերում, դատաիրավական բարեփոխումների ռազմավարության ծրագրի շրջանակներում բարձրացվեց իրավաբանական կրթության որակի բարձրացման հարցը, ինչը, միանշանակ, ողջունելի է»,- ասաց Ղամբարյանը:
Նրա խոսքով՝ այդ գործին նպաստում են նաև իրենք իրենց կենտրոնով, որը, չնայած, զբաղվում է գիտավերլուծական գործունեությամբ: Իրենք փաստաբանների և ուսանողների համատեղ քննարկումներ են կազմակերպում, որը միտված է վերացնելու ուսանողների պրակտիկայի բացը: «Դրանով ուսանողը երկրորդ-երրորդ կուրսից տեղյակ է լինում այն պրակտիկ մտածողությանը, որը նա լսարանում չի կարող ձեռք բերել: Մեր գրասենյակի խնդիրներից մեկը հենց դա է՝ լրացնել ուսանողի պրակտիկ բացը»,- ասաց Համբարյանը:
Նշենք, որ Արթուր Ղամբարյանը աշխատել է նաև «Քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագծի վրա: Սակայն նա այսօր ասուլիսի ժամանակ հրաժարվեց քննչական կոմիտեի մասին խոսելուց, ասաց, որ իրավասու չէ խոսել այդ թեմայից:
Լուսանկարը՝ Փաստինֆո-ի








































