Թուրքիայի կապի և հեռահաղորդակցության վարչությունն այսօր արգելափակել է ուղիղ հասանելիությունը միկրոբլոգների Twitter ծառայությանը: Ինչպես ասվում է գերատեսչության կայքում՝ համապատասխան որոշումն ընդունվել է որպես պաշտպանական միջոցառում և հիմնված է մի շարք դատական որոշումների վրա: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Արգելափակումը կատարվել է մի քանի ժամ անց այն բանից, երբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսայում ընտրողների առջև ելույթի ժամանակ կտրուկ է արտահայտվել ռեսուրսի դեմ: Վարչապետի գրասենյակը պարզաբանել էր, որ վերջին շաբաթների ընթացքում ընկերության ղեկավարությունն արհամարհել է թուրքական իշխանությունների պահանջը՝ դատական որոշումների հիման վրա ջնջելու միկրոբլոգների որոշ հղումներ: Այդպիսով Անկարային «այլընտրանք չէր մնացել՝ բացի ողջ ռեսուրսի հասանելիությունը փակելուց»:
Իշխանությունների գործողությունները վրդովեցրել են հասարակության զգալի մասին: Հասարակությունը մտավախություն ունի, որ այդ միջոցառումները կընդլայնվեն և կտարածվեն այլ սոցցանցերի վրա: Էրդողանը անդրադարձել է նաև դրանց փակման տեսական հնարավորությանը:








































