Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Արմեն Մինասյանի գործի դատական քննությունը:
Նախորդ նիստն ընդմիջվել էր, որ մեղադրողը նախապատրաստվի մեղադրական ճառին:
Արմեն Մինասյանին նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
2013 թվականի նոյեմբերի 18-ի երեկոյան, ըստ մեղադրանքի, Արմեն Մինասյանը դանակով սպանել է իրենց թաղեցի Եղիային:
Եղիան երիտասարդների խմբում դեռ 1993 թվականին հրկիզել էր Արմեն Մինասյանի հայրական տունը:
Ոչնչացել էր Արմենի ծնողների առանձնատունը, թալանվել ամբողջ գույքը:
Մինչև օրս Արմենի ծնողներն ու Արմենի ընտանիքն ապրում են ավտոտնակում, իրենց խոսքերով՝ անմարդկային պայմաններում:
Հրկիզողները պատասխանատվության չեն ենթարկվել, մնացել են անպատիժ:
7 տարի անց՝ 2000 թվականին, Արմենը ծեծել է Եղիային, քրեական պատասխանատվության ենթարկվել՝ վեց ամիս պատիժ է կրել:
Հետո Արմեն Մինասյանը Եղիայի հետ չի շփվել, չնայած նույն թաղում են ապրել: Եղիան հարբեցող է դարձել:
Եվ ահա ծեծից 13 տարի անց՝ 2013 թվականի նոյեմբերի 18-ին Եղիան փորձել է խոսել Արմենի հետ, բայց խոսակցությունը չի ստացվել: Խմել են ու բաժանվել:
Երեկոյան Արմենը գնացել է Եղիայի տուն:
Արմենի այցից դժգոհ Եղիան, ըստ Արմենի, վերցրել է ավտոտնակում ձեռքի տակ ընկած ուրագը, հարվածել Արմենի գլխին, վնասվածք է պատճառել:
Արմենը ձեռքն է առել ավտոտնակում եղած դանակներից մեկը ու մի քանի հարված է հասցրել Եղիայի որովայնի շրջանին:
Ստացած վնասվածքներից Եղիան մահացել է:
Դեպքից մոտ մեկուկես ժամ անց ոստիկանները Արմենենց տուն են գնացել ու բերման ենթարկել Արմենին:
Այսօր մեղադրող դատախազը հաստատված համարեց Արմեն Մինասյանի մեղքը դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և միջնորդեց նրան դատապարտել 11 տարի ազատազրկման:
Արմենի շահերի պաշտպան Կարեն Մանուչարյանը ժամանակ խնդրեց պաշտպանական ճառին պատրաստվելու համար:
Նախագահողը հաջորդ դատական նիստը նշանակեց մարտի 21-ին:
Մեր զրույցում ամբաստանյալի շահերի պաշտպան Մանուչարյանն ասաց, որ այս գործով ակնառու կերպով խախտվել են Արմեն Մինասյանի իրավունքները, մասնավորապես՝ նրան հենց սկզբից չի բացատրվել հանրային պաշտպան ունենալու հնարավորությունը, քննիչը անուշադրության է մատնել տուժողի կողմից Մինասյանին հասցված առաջին՝ ուրագի հարվածը, Մինասյանի ստացած վնասվածքը գլխի շրջանում: Մինասյանը հարցաքննվել է խմած վիճակում, գիշերը, այլ անձանց ներկայությամբ, ցուցմունքը գրել է քննիչը, ցուցմունքի մեջ Արմենի անունից նա գրել է, թե ցանկացել է սպանել Եղիային, իսկ ցուցմունքի վերջում Արմենն իր ձեռքով գրել է, թե նպատակ չի ունեցել սպանելու:
Ըստ պաշտպանի՝ Արմեն Մինասյանի արարքին տրվել է սխալ քրեաիրավական գնահատական: Կոնկրետ իր մոտեցումները պաշտպանը կներկայացնի պաշտպանական ճառում:
Արմեն Մինասյանի ծնողները դատախազի ճառից հետո բոլորովին հուսահատվել էին: Տարիներ շարունակ անտուն էին, հիմա էլ տևական ժամանակով իրենց որդին զրկվելո՞ւ է ազատությունից… Նրանք նորից կրկնեցին, թե տեսնել է պետք՝ ինչ անտանելի պայմաններում են ապրում, որտեղ է մեծանում Արմենի անչափահաս դուստրը:
Եթե էդ սպանվածը բարի պտուղ լիներ, հիմա նրա ընտանիքից որևէ մեկը ներկա կգտնվեր, որևէ մեկի սիրտը կցավեր կորստի համար՝ ասում էին ամբաստանյալի հարազատները:
Միայն թե նման դատողություններով չէ, որ կարող է մեղմացվել Արմեն Մինասյանի վիճակը: Արարքի քրեաիրավական գնահատականի հարցն է առաջնայինը:








































