Վրացական Georgian Airways և MyWay Airlines ավիաընկերություններն իրենց վերջին չվերթներն են իրականացրել դեպի Ռուսաստան: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ավիաընկերությունների մամլո ծառայությանը:
Ինչպես նշվում է, վաղվանից, հուլիսի 8-ից, ուժի մեջ է մտնում դեպի Ռուսաստան թռիչքների արգելքը:
Պարզաբանվում է, որ այսօր, հուլիսի 7-ին, MyWay Airlines-ի ինքնաթիռը Մոսկվայից Թբիլիսի վերջին չվերթն է կատարել, իսկ Georgian Airways-ը՝ Թբիլիսիից Սանկտ Պետերբուրգ:
Բացի այդ, «Ուրալյան ավիաուղիներ», «Պոբեդա» և «Աերոֆլոտ» ռուսական ավիաընկերությունները նույնպես պատրաստվում են Վրաստանից Ռուսաստան վերջին թռիչքների իրականացմանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել են վերականգնել ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ: