«Տիեզերական սննդի լաբորատորիա» ընկերությունն ԱՄԷ-ից առաջին տիեզերագնաց Հազա Ալ Մանսուրիի համար արաբական ազգային կերակրատեսակներ կպատրաստի: Նա Միջազգային տիեզերակայան կմեկնի սեպտեմբերի վերջին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ալ Մանսուրին այնտեղ կմեկնի սեպտեմբերի 25-ին «Սոյուզ ՄՍ-15» տիեզերանավով ռուս տիեզերագնաց Օլեգ Սկրիպոչկոյի և ամերիկացի տիեզերագնաց Ջեսիկա Մեիրի հետ: Իսկ 8 օր անց կվերադառնա «Սոյուզ ՄՍ-12» տիեզերանավով ռուս Ալեքսեյ Օվչինինի և ամերիկացի Նիք Հեյգի հետ:
Ալ Մանսուրիի համար «Տիեզերական սննդի լաբորատորիայում» կպատրաստեն «հալալ ուտեստներ»՝ մահմեդականների համար թույլատրելի սնունդ: Ցանկում կլինեն մահմեդական ուտեստներ ալյումինե տարաներով պահածոների տեսքով:
2018 թվականի հունիսին Ռոսկոսմոսն ու Մուհամեդ բեն Ռաշիդի անվան Տիեզերական կենտրոնը ստորագրել են համաձայնագիր ԱՄԷ-ից առաջին տիեզերագնացի՝ Միջազգային տիեզերակայան թռիչքի մասին: 2018 թվականի սեպտեմբերին մերձմոսկովյան Տիեզերագնացների պատրաստման կենտրոնում մեկնարկել էր ԱՄԷ-ից երկու թեկնածուներ ռազմական օդաչու Հազա Ալ Մանսուրիի և ցանցային ապահովության ինժեներ Սուլթան Ալ Նեյադիի վերապատրաստումը:








































