ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի միջև առկա տարաձայնությունները ակնհայտորեն վկայում են իշխանության ներսում հերթական թևերի առաջացման մասին։ Ընդ որում՝ այստեղ ուշագրավն այն հանգամանքն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ընթացքում ՔՊ վարչության անդամ դարձավ հենց Ռ. Պետրոսյանը և ոչ Միքայելյանը, որը ժամանակին թիմակիցների ներսում մեծ սեր ու հարգանք ուներ։
Ի դեպ՝ Աբովյանի ընտրությունների հետ կապված այս տարաձայնությունները իշխանության ներսում «թևերի» գոյացման առաջին դեպքը չեն։ Ոչ վաղ անցյալում բոլորս ենք հիշում ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի և ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի «հակամարտության մասին», երբ իշխանությունը, կարելի է ասել, բաժանվեց «սորոսականների» ու Վանեցյանի աջակիցների միջև։
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ խնդիրն ավելի խորքային է։ «Նախ պետք է հասկանանք, թե ինչպիսի համակարգ է Հայաստանում ձևավորվել։ Անցյալ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից առաջ Հայաստանում իշխում էր քրեաօլիգարխիկ համակարգը, որը, որպես դիզայն, օգտագործում էր Հանրապետական կուսակցությունը։ Այն ներկայանում էր որպես Պահպանողական, բայց իրականում գաղափարախոսություն չունեցող կուսակցություն էր։ Անցյալ տարվա իրադարձությունների արդյունքում այդ համակարգն ամբողջությամբ կազմաքանդվեց, բայց կառավարման համակարգը տրանսֆորմացվեց մի նոր համակարգի, որը կոչվում է անձնիշխանության համակարգ։ Դրա դասական օրինակը կարող ենք տեսնել Բելառուսում, երբ ստեղծվել է Ալեքսանդր Լուկաշենկոյի համակարգը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա՝ շեշտելով, որ դա ժողովրդավարական համակարգ չէ։
Շարունակելով իր միտքը, Բադալյանը նշեց. «Քանի որ վարչապետն ինքը նշել է, որ հրաժարվում է բոլոր տեսակի «իզմ»-երից, ապա այդ համակարգը ապաքաղաքական ապագաղափարական համակարգ է։ Քանի որ այն ժողովրդավարական չէ, շատ երևույթներ բացասական տեսակետից նմանվում էին քրեաօլիգարխիկ համակարգին։ Մասնավորապես, իշխող կուսակցությունում տարբեր խմբավորումների ի հայտ գալը։ Ընդհանրապես, ցանկացած դեպքում, երբ կա իշխանության հարց և կա մարդկային մեծ զանգված, այնտեղ միշտ թևեր, խմբեր ու խմբակներ են լինում, որոնք ձգտում են այդ կառույցում իշխող դիրք ունենալ։ Բայց Արևմուտքում, քանի որ կան «իզմ»-եր՝ մարդկային այդ խմբերը իրենց միավորման հիմքում դնում են «իզմը», իսկ Հայաստանում անձնիշխան համակարգ է, որը սկսվում է ծավալվել ամբողջ հանրապետությունով մեկ, այստեղ նույնպես առաջանում են մարդկային խմբեր, որոնք, զուրկ լինելով «իզմ»-երից, փորձում են ավելի շատ վարչական լծակների տիրապետել՝ մոտ լինելով գլխավոր անձնիշխանին»։
Փորձագետը նշեց՝ մենք դրա օրինակը տեսել ենք ՊՎԾ-ԱԱԾ պետի «հակամարտության» օրինակով. «Իրական հակասությունը առողջապահության նախարարության ու ՊՎԾ-ի միջև էր, ուղղակի գործն ԱԱԾ-ն էր քննում։ Երկրորդը՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, և սա ընդամենը առիթ էր։ Եթե չլինեին այդ ընտրությունները, ապա ընդհանուր անձնիշխան համակարգում կան տարբեր գործիչներ ու խմբեր, որ իրար դեմ պայքարում են։ Հիմա այստեղ խնդիրն այն է, թե ով պետք է տիրապետի այդ վարչական ռեսուրսին։ Իսկ այն, ինչ տեղի է ունենում ընդամենը անձնիշխան համակարգում, վարչական ռեսուրսին տիրապետելու պայքար էր։ Իհարկե, կողմերից մեկը չի ասել, որ իր մարդը պետք է Աբովյանի քաղաքապետ լինի, և մյուսն էլ չի ասել, որ ոչ՝ իր մարդը պետք է լինի, պարզապես մի խումբ ուզում է, որ իր մարդը լինի, մյուսն էլ դեմ է դուրս եկել, որ նրա դիրքերը չամրապնդվեն»։
Արմեն Բադալյանը նշեց՝ այս երևույթները կային նաև ՀՀԿ-ի ներսում՝ Տիգրան Սարգսյանի թև, Հովիկ Աբրահամյանի թև. «Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, հերքվում է այդ թևերի առկայությունը, բայց ֆիքսենք, որ այն երևույթները, որ կային նախկինում, կան այսօր։ Այսինքն՝ քրեաօլիգարխիկ համակարգը տրանսֆորմացվեց անձնիշխանության համակարգին։ Երկու համակարգն էլ ժողովրդավարական չեն, և այդ խմբավորումները, եթե հիմա թույլ են, գնալով շատանալու են։ Քանի որ միավորող «իզմ» չկա, ամեն ինչ գնալու է բաժանման։ Պայքարը լինելու է անձնիշխանին մոտ լինելու ու ավելի շատ վարչական ռեսուրսի տիրապետելու»։










































