Ուկրաինան պատրաստվում է Եվրոպայում ռևերսային գազ գնել 1000 խորանարդ մետրը 380-400 դոլարով: Երկիրը ծրագրում է սկսել էներգիայի մատակարարման դիվերսիֆիկացիա: Նման հայտարարություն է արել երկրի էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարարի պաշտոնակատար Յուրի Պրոդանն էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերի հետ բանակցություններից հետո:
«Մեզ պետք է գազ ստանալ շուկայական, ոչ թե քաղաքականապես մոտիվացված գներով: Այդ իսկ պատճառով 380-400 դոլար գնի մեջ որևէ սարսափելի բան չկա»,- հայտարարել է Պրոդանը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրա գնահատականով՝ 2014-ին գազի ներկրման Ուկրաինայի ծրագրերի մեջ է մտնում 27-29 մլրդ խորանարդ մետր եվրոպական գազի գնումը:
Ուկրաինան արդեն այս տարի կսկսի գազ ստանալ Սլովակիայից: Դա կլինի ռուսական գազը, որը կվերադառնա Եվրոպայից:
Եվրահանձնակատարը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Կիևի և Բրատիսլավայի միջև համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն մինչև ապրիլի վերջ:
Էտինգերը հատուկ նշել է, որ Սլովակիան և Ուկրաինան բանակցություններ են անցկացնում այդ թեմայով վերջին կես տարում՝դեռևս մինչ քաղաքական ճգնաժամը:









































