Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել մայիսի վերջին, Աստանայում՝ ասվում է ԱՊՀ Գործկոմի հաղորդագրությունում:
«Մայիսի վերջին Աստանայում Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի նախագահները կարող են ստորագրել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը»,- Գործկոմի մամլո ծառայությունը մեջբերում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամի (նախարար) քարուղարության ղեկավար Ասկար Կիշկեմբաևին:
«Նախատեսվում է, որ պայմանագրի նախագիծը ողջ ծավալով կհամաձայնեցվի և կպատրաստվի մինչ 2014-ի մայիսի 1-ը՝ պետությունների ղեկավարների քննարկման ու ստորագրման համար: Սպասվում է, որ այդ պայմանագրի ստորագրումը տեղի կունենա մայիսի վերջին, Աստանայում, նախագահների մակարդակով Գերագույն տնտեսական խորհրդում»,-ասել է Կիշկեմբաևը:
Նրա խոսքով՝ ապագա պայմանագիրը կստեղծի պայմաններ տնտեսության կայուն զարգացման, առանց որևէ բացառության կամ սահմանափակման ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար:
Նրա խոսքով՝ համապատասխան այդ պայմանագրի՝ երկրները կիրականացնեն համաձայնեցված, համակարգված, անհրաժեշտության դեպքում՝միասնական քաղաքականություն որոշակի ոլորտներում՝ մակրոտնտեսությունում, ֆինանսական ոլորտում, արդյունաբերությունում, մտավոր սեփականության պաշտպանության գործում:
Ներկայում իրականացվում է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ-իրավական բազայի կոդիֆիկացիայի աշխատանք: Դա թույլ կտա փոխադարձ առևտրում առավելագույնս վերացնել բացառումներն ու սահմանափակումները:







































