Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից լրագրողները մարտի 19-ին հետաքրքրվեցին՝ արդյոք Սևանա լճից լրացուցիչ ջրառի դեպքում բացասական բալանս իրոք հնարավոր է, ի՞նչ ռիսկեր կան: Ի պատասխան նա ընդգծեց՝ օրենքի նախագիծը մշակվել է ջրային պետական կոմիտեի կողմից, իսկ իրենք առաջարկություն են արել, որ լինի հետևյալ պայմաններով. ջրառը 170 մլն խմ-ից բարձրանա 240, ոչ թե՝ այդքան, այլ՝ մինչև:
«Մենք առաջարկել ենք՝ բացասական բալանս չարձանագրվի, դա՝ առաջին, երկրորդ խնդիրը վերաբերում էր այն բացասական բալանսին, որ այս տարի կդիտարկվի. հաջորդ տարվա համար պետք է ծրագիր ներկայացվի, և այդ բացասական բալանսը վերականգնվի, այսինքն՝ եթե 2013 կամ 2014 թվականի տվյալներով մենք արձանագրում ենք բացասական բալանս, ապա 2015 թվականին մենք պետք է ունենանք այնպիսի ծրագիր՝ ցածր ջրառի իրականացման, որ կբերի այդ բացասական բալանսի համալրմանը»,- ասաց նա: Նախարարը նշեց՝ պատգամավորները տարբեր առաջարկներ կարող են կատարել՝ ինչպես են պատկերացնում իրենց իսկ պահանջած հստակեցումը, սակայն նախարարության տեսանկյունից դա հստակ է, պարզապես իրենք այսօր չգիտեն՝ ինչպիսի բացասական բալանս կլինի, այդ իսկ պատճառով չեն կարողանա հստակեցնել, թե ինչ ծավալով պետք է պակասեցնել, որ բալանսը շարունակվի:
«Մենք ժամանակացույցից հինգ-վեց տարի առաջանցիկ տեմպեր ունենք, և դա նույնպես ամրագրված է, այսինքն՝ մենք արդեն իսկ բարձրացման դինամիկան ունենք, այս տարիների ընթացքում ավելի ենք բարձրացրել և այս ընթացքում երկու անգամ ավել ջրառի պահանջ է եղել, առաջինը՝ 2008 թվականին՝ 303 մլն խմ, երկրորդը՝ 2012 թ.՝ 317 մլն խմ: Հիմա մենք թույլատրում ենք մինչև 240 մլն խմ, մինչդեռ 2010 թվականի անգամ 317 մլն խմ փաստացի ջրառի առկայության դեպքում մենք բացասական դինամիկա չենք արձանագրել»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավոր չէ՞ նախապես հաշվարկներ անել, ոչ թե հույսը մոնիթորինգի վրա դնել: Ի պատասխան՝ Հարությունյանը նշեց, որ դա անիրական է. նշանակում է իրենք պետք է իմանան նախապես՝ ինչքան տեղումներ կլինեն, ինչպիսին կլինի եղանակը ասենք ամռանը, գարնանը, երաշտ կլինի, թե ոչ, իսկ դա անշնորհակալ գործ է:
«Մենք ունենք նախորդ տարիների փորձը և այսօրվա՝ այս պահի դրությամբ վիճակը՝ հինգ սմ բարձրացում. անգամ համեմատականության մեջ, եթե հաշվի առնենք, որ Սևանա լճում մեկ սմ-ը 12.5 մլն խմ է, ապա անգամ այս հինգ սմ բարձրացումը բավարար է, որ այդ շեմը մենք հաղթահարենք»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ցանկանում է՝ թե հանրության մեջ, թե մասնագետները, բոլորն իմանան, որ շատ գործոններ կախված են բնակլիմայական պայմաններից:
Գյուղերի վիճակին անդրադառնալով՝ նախարարը նշեց, որ երբ երաշտային իրավիճակներ էին, այդ ժամանակ նույնպես կարիք կար դիմել ԱԺ-ին, և հիմնականում նման անհրաժեշտություն առաջանում է ամառային շրջանում: Նրա խոսքով՝ երբ կա ջրի պահանջարկ, դա բնական է, չնայած իրենք այստեղ խնդիր չունեն, բայց գյուղացու և մարդկային տեսանկյունից՝ երբ այդպիսի վիճակ է ստեղծվում, ստիպված են լինում օրենքի փոփոխության համար դիմել ԱԺ-ին, մինչդեռ այդ ժամանակ ամառային արձակուրդներ են:
«Այստեղ օրը նշանակություն ունի, հավատացեք, գյուղացու համար օրը նշանակություն ունի, և դրա համար մենք համաձայնեցինք, որ այս լրացուցիչ ապահովագրական ջրառը ավելացնենք»,- ասաց նա: Լրագրողների խնդրանքին՝ պաշտոնապես ասել ՝ հանրությանը հայտնի գործարարներից ովքեր ձկնաբուծական տնտեսություն ունեն, նախարարը պատասխանեց. «Մեզ դա չի հետաքրքրում, չի հետաքրքրում, թե ովքեր են, չկան մարդիկ, մեզ վրա չեն կարող ազդել, մենք պատժում ենք, պատժել ենք»: Նախարարը նշեց, որ անուններ չի թվարկում, սակայն օրինակ բերեց՝ Պետրոս Սահարյան անվամբ անձնավորությանը պատկանող ձկնաբուծարանում ստուգումներ են իրականացրել և պատժամիջոցներ:
Ճշտող հարցին՝ Գագիկ Ծառուկյան, Սամվել Ալեքսանյան, Հովիկ Աբրահամյան, նրանցից որևէ մեկը ձկնաբուժարան ունի՞, Հարությունյանը պատասխանեց. «Նորից եմ կրկնում. մենք բոլոր խոշոր ձկնարդյունաբերողների և բոլոր խոշոր ջրառ իրականացնող անձանց անուն-ազգանունները, գրանցման վայրը և այլն ամբողջապես տեղադրել ենք մեր կայքում, անկեղծ ասած՝ ես չեմ ուզում, որ դուք ինձ այդպիսի հարցեր տաք, որովհետև մենք փոխում ենք օրենքի կետը»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչու է ստեղծվել այս վիճակը, եթե նախարարության վրա ազդեցություն, ճնշումներ չկան, և ինչու են ջօրգտագործման թույլտվություններ տրամադրվել: «Ի՞նչ ազդեցություն. ջրօգտագործման թույլտվությունն ազդեցության հետ որևէ կապ չունի, մենք դա տալիս ենք սահմանված կարգով, երբ մեզ դիմում են, մենք գնահատում ենք հայտերը, տալիս ենք պատասխան՝ կամ տրամադրում ենք, կամ մերժում: Մենք նման թույլտվություններ տվել ենք օրենքով սահմանված մեր իրավասությունների շրջանակներում: Հաշվարկ արվել է, գույքագրում է իրականացվել, արդյունքում նաև անօրինական ջրառի դեպքեր ենք հայտնաբերել, որ արձանագրել ենք և ուղարկել իրավապահ մարմիններին»,- ասաց նա: Դիտարկմանը, թե փաստերը խոսում են. իրավիճակը սրվել և խորացել է իր գործունեության օրոք, նախարարը նշեց, որ ցանկանում է՝ հարցը ուղիղ ձևակերպեն, ապա ասաց, որ այս ընթացքում գույքագրում է իրականացվել, պարզաբանումներ են տրվել, դասակարգում կատարվել, տարբեր նպատակներով ջրօգտագործման թույլտվություններ են տրամադրվել, ապա հայտարարեց՝ այնտեղ, որտեղ մակերևութային ջրեր են, այնտեղ, որտեղ հնարավոր է, թույլտվություններ տալու են, արդեն իսկ՝ բոլորովին վերջերս 14 ձկնտնտեսության տվել են: Ստեղծված իրավիճակում նախարարն իրեն պատասխանատու համարում է: «Մենք՝ երեկ էլ այսօր էլ, միշտ էլ պատասխանատու համարում ենք, եթե ոլորտի ներկայացուցիչ ես… ես ինձ պատասխանատու եմ համարում Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների հետ իրականացվող գործառույթների շրջանակում, իսկ արդյոք երբ է առաջացել, ինչ և ինչ կարգով, դուք պետք է ավելի խորապես ուսումնասիրություն իրականացնեք: Եթե մենք պատասխանատու չզգայինք, մենք ձեռնամուխ չէինք լինի այս իրավիճակը շտկելուն»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ այսօրվա քաղաքացին պետք է հոգեբանորեն փոփոխվի: Իբրև օրինակ՝ նա նշեց էլեմենտար համատիրության հետ խնդիրները, ինչպես, ասենք՝ չի կարելի աղբը պատուհանից գցել կամ մեքենայի պատուհանից ծխախոտը գցել:
«Ես ընդունում եմ, որ բոլորիս հոգեբանությունը պետք է փոխվի, որ չի կարելի առանց ջրօգտագործման թույլտվության իրականացնել, իսկ այդպիսի դեպքերը մեզ մոտ բազմաթիվ են. եթե մենք գանք, վերցնենք անօրինական ջրառը, վերցնենք, թե դրանք երբ են առաջացել և ինչու… 2002 թվականին ընդունվել է ջրային օրենսգիրքը, եթե ողջ անօրինական մասը հանենք, մյուսը գումարենք, բազմապատկենք, կտեսնենք, որ իրավիճակը շտկվում է»,- ասաց նա:









































