Նախօրեին մեկնարկել է 2019 թվականի ամառային զորակոչը: Արդեն մի քանի օր է՝ պարտադիր զինվորական ծառայության են մեկնում այս զորակոչի առաջին նորակոչիկները:
ՊՆ կենտրոնական հավաքակայանում այսօր նորակոչիկներց մեկը՝ Հովսեփ Կիրակոսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը առողջական խնդիրներ ունի, այդ խնդիրները բուժզննումների ժամանակ արձանագրվել են, բայց ամեն դեպքում ճանաչվել է պիտանի ծառայության համար և մեկնում է Արցախ՝ ծառայության։
Հովսեփ Կիրակոսյանի հորեղբայրը նշեց, որ բացի հիվանդություններից՝ նորակոչիկի հայրը երրորդ կարգի հաշմանդամ է, տառապում է հիվանդություններով։ «Երեխան էլ երիկամների հետ խնդիր ունի, վիրահատություն է տարել, բայց հիմա թղթերը տվին ձեռը, ճամփում են Ղարաբաղ։ Ոչ մի բան էլ չի փոխվել»,- դժգոհեց Ալիկ Կիրակոսյանը։
Նշենք, որ նախօրեին ՊՆ-ն տեղեկացրել էր, որ Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:
ՊՆ-ից հիշեցրել էին նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար կարելի է զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:
Ալիկ Կիրակոսյանը չպատասխանեց հարցին՝ դիմե՞լ են արդյոք ՊՆ-ին առընթեր հասարակական խորհրդին, թե՞ ոչ։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:




































