Ամերիկյան զորակազմը վերջնական հաշվով անհրաժեշտ է դուրս բերել Աֆղանստանից, սակայն երկրում պետք է պահպանվի ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների մշտական ներկայությունը: Հուլիսի 1-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի եթերում՝ տեղեկացնում է TASS-ը:
Խոսելով Աֆղանստանի մասին՝ Միացյալ Նահանգների ղեկավարն արձանագրել է, որ ԱՄՆ-ի զինվորականներն այդ երկրում են գտնվում շատ երկար ժամանակ: «Մենք ժանդարմի դեր ենք կատարում ամբողջ աշխարհի համար: Նայեք Ռուսաստանին, նա համաշխարհային ժանդարմ չէ, նա կարգ ու կանոն է պահպանում իրեն մոտ երկրում»,- ասել է Թրամփը: Նա նաև նշել Է. «Նայեք Չինաստանին, նրանց զորքերը չեն գտնվում ամենուրեք»:
«Մենք զգալիորեն կրճատել ենք մեր ուժերն Աֆղանստանում,- ընդգծել է ԱՄՆ-ի նախագահը։- Ես կցանկանայի պարզապես հեռանալ այդ երկրից: Խնդիրն այն է, որ այն, ինչպես թվում է, յուրատեսակ լաբորատորիա է ահաբեկիչների համար»: «Ես կհեռանայի երկրից, և մենք կհեռանանք այնտեղից, բայց մենք շատ հզոր հետախուզություն կթողնենք»,- եզրափակել է Թրամփը:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում ռազմական գործողությունը շարունակվում է արդեն ավելի քան 17 տարի՝ 2001 թվականի դեկտեմբերից:









































