«Ես պատրաստ եմ եկեղեցու մեջ, ժողովրդի առաջ առաջինը գալ և ձեռք մեկնել նրան: Ես պատրաստ եմ ցանկացած հարցով օգնել նրան: Էս պասի օրերն են, ու ես կոչ եմ անում նրան` այ տղա, արի, ձեռք ձեռքի տանք, ինչ որ չգիտես` օգնենք, քաղաքի բյուջեն կատարես, ասֆալտապատես քաղաքը: Մենք կարանք սովորացնենք իրեն, վերջիվերջո` 13 տարվա փեշակ ունենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
«Ես սրան ձեռք եմ մեկնում հանուն իմ քաղաքի: Ես պատրաստ եմ տեր լինեմ նրան, սատարեմ, ամեն ինչ անեմ, քանի որ քաղաքը տեղից փախնում է, իսկ ինքը բացի բանսարկությունից, ուրիշ բան չի կարողանում անել»,- ավելացրեց նա: «Այդ տղան երկու տարի է աշխատում է ու դեռ չգիտի, թե ում է պատկանում Գյումրու քաղաքային զբոսայգին: Այդ զբոսայգին քաղաքապետարանին է պատկանում»,- արձագանքելով Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի ավագանու երեկվա նիստին արված առաջարկությանը` լուծարել «Քաղաքային զբոսայգի» ՓԲԸ-ն, ասաց Ղուկասյանը: Այդ ընկերությունը, ինչպես հայտնի է, պատկանում է Վարդան Ղուկասյանին:
«Լուծարային հանձնաժողով ստեղծենք, որպեսզի ուսումնասիրենք, թե ինչ է կատարվել էդ այգում, ինչ կա այդ այգում, համայնքն ինչպիսի սեփականություն ունի, էդ կարուսելներն ումն է և այլն: Մենք վերջը պե՞տք է հասկանանք, լավ, ունենք տնտեսություն, ունենք զբոսայգի, որը 6 հեկտարի վրա է, էդ ամեն ինչը պետք է պարզաբանվի: Գեղեցիկ չէ ուղղակի: Չէ՞ որ սա համայնքային սեփականություն է, և բոլորիս համար պատմություն ունեցող այգի է: Հիմա դրա համար պետք է ստեղծենք լուծարային հանձնաժողով, որի կազմ պետք է ընդգրկվեն նաև ավագանու անդամները, որովհետև ոչ պայմանագիր կա, ոչ բան»,- առաջարկել է Սամվել Բալասանյանը:
«Քաղաքային զբոսայգու հետ մենք այնքանով կապ ունենք, երբ երկրաշարժից հետո ամբողջ քաղաքի ծառերը կտրատվեց, մենք ամբողջ ընտանիքով, եղբայրներով այդ այգին պահեցինք, պահպանեցինք մինչև այսօր: Բայց հիմա էնքան ուրախ կլինեմ, որ էդ քաղաքապետարանը մի քիչ ինքը զբաղվի այգով, անի էն ամեն ինչը, ինչ մենք ենք անում: Ամբողջ Գյումրին գիտի, որ այգին Ղուկասյանների ընտանիքն է պահում, բայց եթե ցանկություն ունի, թող մեր հոգսը թեթևացնի»,- ասաց Ղուկասյանը: Նրա խոսքով` Բալասանյանը չի ցանկանում նկատել իրենց ընտանիքի արածները, քանի որ թշնամաբար է տրամադրված իրենց: «Բայց ամբողջ Գյումրին գիտի, թե մենք ինչ ենք արել էդ այգու, քաղաքի համար: Բայց դե քաղաքապետը պետք է գյումրեցի լինի, որ էդ ամեն ինչը տեսնի, հասկանա, թե ով է այգին պահել, պահպանել: Բայց էդ գաստրոլային, սուտ գյումրեցու անուն հանած մարդը ոչ գյումրեցի է, ոչ երևանցի է, ոչ էլ հայկական ծագումնաբանություն չունի, դրա համար չգիտի էդ այգին ով է պահել: Էդ մարդը հիմա չգիտես ինչի խելքի է ընգել, որ էդ 6 հեկտարը պետք է վերցնի: Թող վերցնի, մենք միայն ուրախ կլինենք, որ մեր հոգսը թեթևացնի»:
Մեր դիտարկմանը, թե քաղաքապետը իրավունք չունի՞ պարզելու, թե ինչ կա համայնքի հաշվեկշռում, Ղուկասյանը վրդովվեց, սակայն` քաղաքապետ բառից. «Նա քաղաքապետ չի: Ես նրան չեմ ընդունում որպես քաղաքապետ, քանի որ լեգիտիմ չի: Ինքը ուզում է մեզ վատություն անի, մտածում է` մենք էնտեղից լիքը շահույթներ-բան ունենք, դրա համար էլ ուզում է վերցնի մեզանից, վատություն անի: Ինքը չի մտածում քաղաքի մասին: Սրա ուշք ու միտքը խլել, վերցնել է: Սա այս 2 տարիների ընթացքում բացի դավաճանությունից, օձությունից, կարիճությունից, նենգությունից մի լավ բան չի արել, մի լավ բան դուրս չի եկել դրա բերանից»,- ասաց Ղուկասյանը` ավելացնելով. «Աշխատի, տղա ջան, ով է քեզ բռնել: Բայց չէ, ինքը հոգեկան հիվանդ է: Գիշերները քնում է, զարթնում բղավում է: Վարդան անունը, որ լսում է` լուծ է ընգնում հավանական է: Վարդան Մամիկոնյանի արձանը հանում է, ասում է` անունը Վարդան է, դրա համար: Բայց էդպես էլ ատելություն էդ դեպքում, որ էդքան ունեցվածք ես եմ տվել իրան: Ոչ մի հեր էդքան բան չէր անի իրա տղայի համար, ինչքան որ ես իրա համար»:
Ղուկասյանի խոսքով` Բալասանյանը գլուխ չի հանում քաղաքի կառավարման գործից, որը բերում է լրացուցիչ խոչընդոտների. «Էս մարդը ոչ մի բանից գլուխ չի հանում, որոշումներ չի կարողանում կայացնի, խանութները փակվում են, մարդիկ հեռանում են: Արհեստական խոչընդոտներ է ստեղծում, դատարանները լցվել են գործերով: Մի խայտառակ վիճակ: Գյումրին սրան արժանի չէր»,- ասաց Ղուկասյանը և ավելացրեց. «Իրա տերերին կոչ եմ անում` բաժակը լցվում է արդեն, հեռու մնացեք, ինչ եք ուզում, արա, ինչ եք ուզում մեզանից, մենք հանգիստ ապրում ենք, աշխատատեղեր ենք ստեղծում, եկեղեցի ենք կառուցում, ժողովրդին ենք պահում: Եթե ես դուրս գամ էս քաղաքից, հազարավոր մարդիկ իմ հետ դուրս կգան, ու Գյումրին կդառնա գյուղաքաղաք, որի մասին երազում են որոշ ղեկավարներ: Ինչ է, նրանց ծրագիրը դա՞ է: Բայց ես չեմ պատրաստվում հեռանալ քաղաքից, ես կմնամ, իսկ նմանատիպ բաշիբոզուկները կգան ու կգնան»:









































