Մարտի 18-ին աշխատանքները շարունակեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:
Վեհաժողովը շարունակել է քննարկումները «Միջխորհրդարանական միության 125-ամյակը. մեր հանձնառությունը խաղաղությանն ու ժողովրդավարությանը» թեմայով:
Վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-լատվիական խորհրդարանական հարաբերությունների խորացմանը, միջազգային խորհրդարանական կառույցներում փոխգործակցությանը, Եվրամիություն-Հայաստան համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Փաստելով հայ-լատվիական համագործակցության ներկա բարձր մակարդակը` կողմերը շեշտել են, որ անհրաժեշտ է առաջ շարժվել` օգտագործելով բոլոր հնարավորությունները և առկա մեծ ներուժը: Երկուստեք կարևորվեց միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդումը, խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում:
Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ արձանագրել է, որ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունները զարգանում և խորանում են, ինչին նպաստում են բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները: Նրա խոսքով` վերջին շրջանում առավել ընդլայնվել է Հայաստանի և Լատվիայի միջև իրավապայմանագրային դաշտը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում երկու երկրների միջև տարբեր բնագավառներում առավել ակտիվ համագործակցություն ծավալելու համար:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, միջազգային վերջին զարգացումներին: Կարևորվել է բոլոր խնդիրների և հակամարտությունների կարգավորումը խաղաղ բանակցությունների ճանապարհով: Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը` Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ այն չի խանգարում ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացմանը և խորացմանը:
Լատվիայի խորհրդարանի նախագահը նույնպես կարևոր համարեց երկու երկրների խորհրդարանների համագործակցության զարգացումը` բարձր գնահատելով Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիա հայ-լատվիական միջպետական և միջխորհրդարանական կապերի զարգացման և սերտացման առումով: Տիկին Աբոլտինան կարևոր համարեց Հայաստանի պատրաստակամությունը զարգացնելու և ամրապնդելու Եվրամիության հետ հարաբերությունները, մասնավորապես Արևելյան գործընկերության շրջանակներում: «Լատվիան պատրաստ է աջակցելու Հայաստանի յուրաքանչյուր նախաձեռնությանը, որն ուղղված կլինի Եվրամիության հետ համագործակցության զարգացմանը»,- ընդգծել է Սոլվիտա Աբոլտինան:
Հանդիպման ժամանակ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:










































