ԼՂՀ ԱԺ խումբ-խմբակցությունների համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում մասնավորապես ասվում է. «Մարտի 16-ին Ղրիմի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեի միջոցով քվեարկեց իր ապագան ինքնուրույն տնօրինելու օգտին: Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեն, այդպիսով, դարձավ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման ևս մեկ նախադեպ, որով հերթական անգամ հաստատվեց, որ միջազգային իրավունքում պետության տարածքային ամբողջականությունը գերակա չէ ժողովրդի ազատ կամարտահայտության նկատմամբ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները և պատգամավորական խումբը ողջունում են Ղրիմի ժողովրդին̀ պատմական հնարավորությունը իրացնելու առթիվ:
Արցախի խորհրդարանի քաղաքական ուժերը և պատգամավորական խումբը տեղին են համարում հիշեցնել, որ 1991թ. դեկտեմբերի 10-ին, առաջնորդվելով այդ պահին դեռևս գործող Խորհրդային Միության օրենսդրությամբ և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրացրեց իր ինքնորոշման իրավունքը և հանրաքվեի միջոցով իր վճռական խոսքն ասաց հօգուտ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինչը վերահաստատվեց 2006թ. դեկտեմբերի 10-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքերով: Հաշվի առնելով անկախության հանրաքվեից հետո Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ հարաբերությունների կարգավորումը ձգձգելու դառը փորձը՝ Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները և պատգամավորական խումբը կոչ են անում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում տեղի ունեցած հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակը կարգավորվի բացարձակապես խաղաղ միջոցներով, փոխադարձ հարգանքի հիման վրա:
ԼՂՀ Ազգային ժողովի
«Հայրենիք»
«Ժողովրդավարություն»
«Դաշնակցություն» խմբակցություններ և
«Արցախատուն» պագամավորական խումբ»:








































