Լոս Անջելեսի դատարանը երկուշաբթի որոշել է ամերիկացի հայտնի ռեփեր Քրիս Բրաունին կալանքի տակ թողնել առնվազն մինչև ապրիլի 17-ը՝ պայմանական փորձնական ժամկետը խախտելու համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ռեփերը ձերբակալվել էր անցած շաբաթ այն պատճառով, որ առանց թույլտվության լքել էր Մալիբուի վերականգնողական կենտրոնը, որտեղ հարկադիր բուժում էր անցնում ագրեսիայի նոպաների դեմ:
Բացի այդ՝ հաղորդվում է, որ Բրաունը բռնել է բուժքույրերից մեկի ձեռքը ու հրաժարվել հանձնել անալիզներ՝ որոշելու արյան մեջ առկա արգելված դեղամիջոցները:
Այս ամենը հիմք էր ծառայել երգչին բանտ վերադարձնելու՝ փորձաշրջանը խախտելու համար: Բրաունի փաստաբանին մերժել են գրավի դիմաց ազատ արձակել իր պաշտպանյալին:
Երգչի դեմ քրեական գործ էր հարուցվել 2009-ին: Լոս Անջելեսի դատարանը նրան դատապարտել էր 5 տարվա պայմանական ազատազրկման և 6 ամսվա ուղղիչ աշխատանքների իր նախկին ընկերուհուն՝ Ռիհաննային ծեծելու համար:









































