Հայաստանը երեկ անդրադարձել է Ղրիմի իրավիճակին, այնտեղ անցկացված հանրաքվեին: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանը կողմ է, որպեսզի հակամարտությունը կարգավորվի խաղաղ, դիվանագիտական ճանապարհով, ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա: Երևանի պատասխանը կարծեք թե առավելագույնս չեզոք է, ինչն էլ երևի թե անհրաժեշտ էր: Անհրաժեշտ էր այն առումով, որ իրավիճակը իսկապես բավական նուրբ է:
Մի կողմից հասկանալի է, որ ունենալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրինակը` շատ դժվար է դատապարտել Ղրիմի հանրաքվեն, ինչքան էլ որ այդ դատապարտումը հիմնավորվի այնտեղ Ռուսաստանի ագրեսիայով, մյուս կողմից էլ` Հայաստանն, իհարկե, չի կարող ողջունել հանրաքվեն, երբ ակնհայտ է, որ դրանով ըստ էության մենք կարող ենք հայտնվել, այսպես ասած, «սպիտակ ագռավի» դերում` այն դեպքում, երբ առաջադեմ աշխարհը չի ճանաչում հանրաքվեն: Այստեղ ահա ամենից նպաստավոր տարբերակն, իհարկե, չեզոքությունն է, որն էլ կարծես թե Երևանի մոտ ստացվել է:
Մի բան, որը չի կարելի ասել պաշտոնական Ստեփանակերտի պարագայում: Խնդիրն այն է, որ ԼՂՀ-ի ԱԳՆ-ն էլ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ Ղրիմի հանրաքվեն գնահատում է որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հերթական դրսևորում: Հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չէր կարող հանդես գալ այն դիրքերից, որ դիրքերից որ հանդես են գալիս հանրաքվեն դատապարտող տերությունները: Հասկանալի է նաև, որ բուն ԼՂՀ-ի պայմաններում երևի թե չեզոք, ոչինչ չասող հայտարարությունն էլ, ըստ էության, այնքան էլ ընկալվող չէր լինի:
Լավագույնն, իհարկե, կլիներ լռությունը, առավել ևս, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ղրիմը առանձնապես չէին սպասում ԼՂՀ-ի գնահատականներին, այդ գնահատականների հույսին չէին մնացել: Իսկ այդ գնահատականները նաև ոչինչ չեն տալիս Լեռնային Ղարաբաղին, որովհետև վաղը ոչ Ղրիմը և ոչ Ռուսաստանը Ղարաբաղի անկախությունը դրա դիմաց չեն ճանաչելու: Փոխարենը Ղարաբաղը նման հայտարարությամբ ուղղակիորեն դեմ գնաց միջազգային հանրության գերակա կարծիքին, որը երևի թե միայն Ռուսաստանը չի կիսում: Միջազգային հանրությունն, իհարկե, Ղարաբաղի նման դիրքորոշումից ծանր հարված չի ստանա, ճակատագրական ոչինչ տեղի չի ունենա, սակայն ցավալին այն է, որ այս ամենի նստվածքը ուղղակի կարող է մնալ:
Մինչդեռ բավարար է ընդամենը մի պարզ հարց՝ իսկ մի՞թե առկա իրավիճակը, տեղի ունեցածը Լեռնային Ղարաբաղի շահերի ու ապագայի տեսանկյունից արժեին այնքան, որ Ղարաբաղը ռիսկի դիմեր նման գնահատականներով տհաճ նստվածք առաջացնել միջազգային հանրության մոտ Լեռնային Ղարաբաղի հանդեպ: Սա ինքնին, իհարկե, ողբերգություն չէ, դիվանագիտական տապալումները հասունանում են հենց տարրական հաշվարկների անկարողությունից, նման մանրուքները հաշվել չկարողանալուց, նման առաջին հայացքից մանր թվացող վրիպումներից, որոնք ամեն մեկը իրենից հետո մի փոքր նստվածք է թողնում, և մեկ էլ պարզվում է, որ նավը խրվել է այդ նստվածքի վրա:
Թվում է` իրավիճակը չափից դուրս պարզ է դիվանագիտության հետ որևէ ընդհանուր բան չունեցող մարդկանց համար անգամ, որ Ղարաբաղի համար Ղրիմում ոչ մի բան չի շողշողում, և պետք է ընդամենը կարողանալ անել մի շատ պարզ բան՝ լռել: Սակայն պարզվում է, որ լռելու համար է ամենամեծ խելքը պետք:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































