«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես երևում է՝ ՀՀ գործող իշխանությունը որոշել է մասնատել ԲՀԿ-ին: Բայց դա անում է բավականին գրագետ. ընտրում է կուսակցությունում եղած բարձր վարկանիշ ունեցող մարդկանց և առանցքային պաշտոնների նշանակում՝ թեկուզ եղբայրական հանրապետությունում:
Օրերս հայտնի դարձավ, որ ԲՀԿ խորհրդի անդամ Հարություն Քուշկյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի առաջարկով նշանակվել ԼՂՀ առողջապահության նախարար: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ առանցքային պաշտոնի առաջարկ է ստացել նաև մեկ այլ ԲՀԿ-ական՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արթուր Գրիգորյանը:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է Գրիգորյանից պարզել լուրի իսկությունը, սակայն նա հրաժարվել է պատասխանել՝ բավարարվելով երկու բառով «no comment»: Իսկ ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի հետ կապվել թերթին չի հաջողվել:









































