Թուրքիան կհանվի բարձրտեխնոլոգիական F-35 կործանիչների ծրագրից, եթե գնի ռուսական Ս-400 համակարգեր։ Այս մասին ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Քեյ Բեյլի Հաթչիսոնը՝ տեղեկացնում է AP-ը։
Նրա խոսքով՝ չի կարելի թույլ տալ, որպեսզի F-35-ները որևէ կերպ ապակայունացվեն ռուսական այդ համակարգով։ Ընդ որում՝ նա նշել է, որ Թուրքիան, ըստ երևույթին, պատրաստ չէ «հրաժարվել գնումից»։
ԱՄՆ-ը և ՆԱՏՕ մյուս դաշնակիցները քանիցս հայտարարել են, որ Ս-400-ներն անհամատեղելի են այլ համակարգերի հետ և սպառնալիք են ներկայացնում անվտանգությանը։ Բացի այդ, ԱՄՆ-ը երկյուղում է, որ ռուսական համակարգը F-35-ը ավելի խոցելի կդարձնի, քանի որ կարող է իմանալ նրա թույլ տեղերը։
Վաշինգտոնը քանիցս նախազգուշացրել է Անկարային պատժամիջոցներ մտցնելու հնարավորության մասին, եթե գնումը կատարվի։ Բայց Թուրքիան պնդում է, որ չի հրաժարվի Ս-400-ներ գնելուց։ Սպասվում է, որ ռուսական համակարգի մատակարարումները կսկսվեն հուլիսի առաջին կեսին։