«Թե՛ էլեկտրիկ Երևանի, թե՛ Սարի թաղի գործերով հաճախ նախաքննական մարմինը մատնանշում է պատժված այն անձանց, որոնք պատասխանատվություն են կրել, սակայն դրանք ոչ բավարար են և համաչափ չեն իրականացված արարքներին։ Կարծեմ՝ անձինք դրամական տուգանքներով կարողացել են, այսպես ասած, պատասխանատվության ենթարկվել։ Ես, կարծում եմ, որ 2018 թվականի ապրիլյան դեպքերի ժամանակ ևս բռնության ենթարկված լրագրողների գործերը պետք է քննության առարկա դառնան։ ՀՔԾ-ն երեք գործերն էլ կասեցրել է»,- Մեդիա կենտրոնում «Էլեկտրիկ Երևան. 4 տարի անց» թեմայով քննարկմանն ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը, որը մի շարք լրագրողների և ցուցարարների գործերով իրականացնում է իրավունքների պաշտպանություն։