«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Հայաստանի պետական ճարտարապետական համալսարանի՝ Պոլիտեխնիկի ռեկտոր Արա Ավետիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա նշանակման օրվանից խնդիրներ է ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, նրանցից ոմանց ազատել է, փոխել կառավարման որոշակի պայմաններ, ինչը նրա նկատմամբ շարունակական դժգոհություն էր առաջացրել:
Բացի այդ, մեր տեղեկություններով՝ Ա. Ավետիսյանը առնչվել է խոշոր կոռուպցիոն գործարքների, այդ թվում՝ կադրերի նշանակման ժամանակ: Պոլիտեխնիկում այժմ շրջանառվում է հատկապես վերջերս Գյումրիի մասնաճյուղի ռեկտորի նշանակման պատմությունը, որը, ասում են, տեղի է ունեցել բավականին մեծ խախտումներով և իրականում առանց ընտրությունների: Աշխատակիցներից մեկի փոխանցմամբ՝ այս դեպքում եղել են մի քանի թեկնածուներ, և Ա. Ավետիսյանը նշանակել է նրան, ումից բավականին խոշոր՝ ավելի քան մի քանի տասնյակ հազար դոլար է ստացել: Ընդ որում՝ ևս այդքան պետք է տրվեր նշանակումից հետո:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 3-ին ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արա Ավետիսյանը ՀՊՃՀ խորհրդի նիստում ընտրվել էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր: Ռեկտորն ընտրվում է համալսարանի խորհրդում, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ՝ 5 տարի ժամկետով, և այդ պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան 2 ժամկետ անընդմեջ:
Նրա նշանակումը և իրականացրած որոշ քայլեր բուհում առաջացրել էին մեծ դժգոհություններ, և բուհի դասախոսները բողոք էին ներկայացրել նաև նախագահ Սերժ Սարգսյանին: Որոշ տեղեկություններով՝ Ա. Ավետիսյանի գործողությունների նկատմամբ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և աշխատակիցների կողմից Ս. Սարգսյանին պարբերաբար ներկայացվել են բողոքներ: Եվ, ամենայն հավանականությամբ, հենց նրա միջամտության արդյունքում էլ Ա. Ավետիսյանն ազատվում է ռեկտորի պաշտոնից:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































