Էգ առյուծները վանդակապատ տարածքի քարերին պառկած հետաքրքրությամբ հետևում էին, թե ինչ էր կատարվում տարածքում:
Ճապոնիայի կենդանաբանական այգում առյուծ որսալու դասընթացներ են անցկացվել. դրանք կազմակերպվել են երկրաշարժից ավերված վանդակից կենդանու փախուստի դեպքում համապատասխան գործողությունների մշակման համար: Գիշատիչի դերը կատարել է համապատասխան հանդերձանք կրող մարդը, հաղորդում է Mainichi-ն:
Ճապոնիայի կենդանաբանական այգու աշխատակիցները պարբերաբար արտակարգ իրավիճակների դեպքում համապատասխան գործողությունների մշակման դասընթացներ են անցկացնում: Այս անգամ «առյուծի» վնասազերծման տեսանյութը դարձել է «վիրուսային» և Twitter-ում ավելի քան 2.35 միլիոն դիտում ապահովել:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է «գիշատիչը» փորձում փախչել, անցնելով ցանցապատնեշը: Այնուհետև աշխատողները կարծես կրակում են կենդանուն տրանկվիլիզատորով նետով: «Կենդանին» ընկնում է գետնին, որից հետո մոտենում են մարդիկ:
Կադրում երևում են նաև առյուծների զարմացած դեմքերը, որոնք այդ ամենին հետևում էին իրենց վանդակապատ տարածքից:









































