Գագիկ Ծառուկյանը վերջերս կայացած ԲՀԿ 7-րդ համագումարի ժամանակ և դրանից հետո մշտապես խոսում է փոքր ու միջին բիզնեսի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, հարկային բեռը թեթևացնելու, հարկային արտոնություններ սահմանելու մասին, բայց մոռանում է, որ ինքը առաջիններից մեկն է, ով վերջ դրեց փոքր և միջին բիզնեսի ծաղկմանը ու խրտնեցրեց օտարերկրյա ներդրողներին:
Դրա ամենավառ օրինակներից մեկը ֆրանսիական Castel ընկերության հետ տեղի ունեցածն էր, երբ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կոտայք» գարեջրի գործարանը տիրացավ ֆրանսիական ընկերությանը պատկանող գործարանին, և ներկայումս Castel-ից մնացել է միայն համանուն գարեջուրը:
«Կաստելը» Հայաստանում էր 1998-2000 թվականներից, սակայն մոտ 3 տարի առաջ ֆրանսիացի գործարարները պարզապես փախան Հայաստանից, քանի որ Ծառուկյանը կարողացավ Castel-ը հասցնել կանխամտածված սնանկացման: Հենց նրա հրահանգով ռեստորանները, սրճարաններն ու ժամանցի վայրերը դադարեցին ընդունել Castel-ի գարեջուրը, ընկերությունը սնանկացավ, և Ծառուկյանը միանգամից խլեց Castel-ի 100 տոկոս բաժնետոմսերը:
Մինչդեռ ժամանակին՝ 2004թ.-ին, Ռոբերտ Քոչարյանը ընդունել էր «Կաստել գրուպ» ընկերության նախագահ Պիեռ Կաստելին, ով այն ժամանակ նաև «Կոտայք» գարեջրի գործարանի բաժնետերերից էր: Քոչարյանը գոհունակություն էր հայտնել «Կոտայք» գործարանի աշխատանքից: Ռոբերտ Քոչարյանը լավ օրինակ էր համարել այն, որ «Կաստել գրուպ» ընկերությունը հաջողությամբ գործունեություն է ծավալում Հարավկովկասյան երեք հանրապետություններում: Բայց, ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, գովեստի խոսքերը փոխարինվեցին թալանի գործընթացով:
Castel-ը խլելու գործընթացին այն ժամանակ տեղյակ էին և փորձում էին միջամտել ամենաբարձր մակարդակով: Խնդրին տեղյակ էր և շատ վրդովված էր Հայաստանում Ֆրանսիայի այն ժամանակվա դեսպանը: Նրանք փորձում էին օգնել «Կաստելին» ոտքի կանգնել, քանի որ այն ֆրանսիական ընկերություն էր, սակայն անօգուտ: Castel-ի սեփականատերն անձնական կապեր ունենալով Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հետ՝ այս խնդրով նույնիսկ դիմել էր նրան, բայց կրկին անօգուտ: Ծառուկյանը զորեղ էր գտնվել:
Castel-ի սեփականատերը՝ տեսնելով, որ այլևս ոչինչ չի կարողանում անել Հայաստանի օլիգարխիայի դեմ, նախ՝ Հայաստանից հեռացրեց կնոջն ու երեխային, ապա շատ արագ ավարտելով գործերը՝ Հայաստանից ընդմիշտ հեռացավ նաև ինքը: Ներկայում Castel ընկերությունը ամբողջությամբ խզել է կապերը Հայաստանի հետ: Հայաստանից հեռացած գործարարն էլ Սենեգալում է և շարունակում է զբաղվել իր ընկերության գործերով:
Նշենք, որ միայն Castel-ի սեփականատերը միակը չէ, որ «քցվեց» Գագիկ Ծառուկյանի հետ կապից: Նույն բախտին արժանացավ նաև գերմանական «Իստինվեստոր» ընկերությունը, որը, ըստ «Հետք» էլեկտրոնային կայքի հրապարակումների, հսկայական՝ շուրջ 10 միլիոն դոլարի վնաս էր կրել Ծառուկյանին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերության բաժնետոմսերի խմբավորումից և զրկվել էր իր բաժնեմասից: Նա կոմբինատում 3.5 տոկոսի բաժնետեր էր, սակայն ապօրինաբար նրան զրկել էին իր բաժնեմասից: Գերմանացի գործարարը փորձեց Ծառուկյանի հետ իր հարաբերությունները պարզել դատարանում՝ վիճարկելով ընկերությանը բաժնետոմսերի սեփականությունից զրկելու իր իրավունքը, սակայն հայաստանյան ներպետական դատական ատյաններում հաջողության չհասնելով՝ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Գործը ներկայում գտնվում է ՄԻԵԴ-ում:
Վերը նշված երկու օրինակի դեպքում տուժածները արտերկրյա գործարարներ էին, սակայն նմանատիպ մարդկանց պակաս չկա նաև Հայաստանում:







































