ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը, գլխավորելով ամերիկյան պատվիրակությունը, մեկնել է Վիեննա: Մարտի 17-ին Վիեննայում կկայանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների և Գերմանիայի հետ Իրանի բանակցությունների հերթական փուլը՝ վերջինիս միջուկային ծրագրի հարցով: Այս մասին հայտնել է Պետդեպի մամլո ծառայությունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Բանակցություններում առանձնակի ուշադրություն կդարձվի Իրանի միջուկային ծրագրի հարցով համապարփակ որոշման առաջխաղացմանը»,- նշել են Պետդեպում:
Որպես բանակցությունների համակարգող՝ Վիեննայում ելույթ կունենա Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:










































