Երևանի Մամուլի ակումբի նախագահ, Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆոմի հայաստանյան համակարգող Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ ռուսական արգելանքերը, քաղաքական հետապնդումները Հայաստանի վրա երկարաժամկետ առումով ազդեցություն չեն ունենա:
Նա նման կարծիք հայտնեց այսօր «Առաջին լրատվական»-ի՝ Ղրիմի հանրաքվեի, ուկրաինական վերջին իրադարձությունների վերաբերյալ հրավիրած քննարկման ընթացքում:
«Երկարաժամկետ առումով լուրջ ազդեցություն չի կարող ունենալ, կարճաժամկետ էլ ցանկալի չէ: Եթե Ռուսասատանը շարունակի խրված լինել ուկրաինական խնդիրների մեջ, ապա պարզ է, որ ուղղակի ժամանակ և եռանդ չի ունենա տարածելու համար այդ ամենը, և մենք կմնանք այն իրավիճակում, ինչ այսօր ենք: Սակայն չի բացառվում, որ ուկրաինական զարգացումներին զուգահեռ՝ այլ երկրներում էլ կիրառի այդ ամենը, բայց, ըստ իս, ժամանակ չի ունենա Հայաստանով զբաղվելու. կարծես թե նրան մտահոգող խնդիրներ այստեղ չկան»,-ասաց նա՝ ի պատասխան այն հարցին՝ թե հնարավո՞ր է մեզ մոտ էլ ԶԼՄ-ների արգելափակում, հետապնդումներ լինեն, ինչպես Ռուսաստանում եղան օրեր առաջ:
Հետաքրքվեցինք նաև, թե ինչո՞ւ Հայաստանի համար էլ չմտածվեց միայն քաղաքական մասով Ասոցացման համաձայնագիր նախաստորագրելու ձևաչափ, հայտնի է, որ Ուկրաինան շուտով ստորագրելու է Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասը, տնտեսականը՝ գուցե աշնանը: Հիշեցրինք նաև, որ ՀՀ իշխանությունները հենց դա էին ասում սեպտեմբերի 4-ից սկսած: Մեր հարցադրմանն ի պատասխան՝ Նավասարդյանն ասաց. «Կարծում եմ, որ այն հայտարությունները, որ լսում էինք ՀՀ իշխանությունների կողմից, պարզ է, որ իրենք էլ գիտեին, որ հնարավոր չէ: Դեմքը փրկելու համար հայտարարություններ էին անում: Հայաստանի դեպքում եթե բացառվում է տնտեսականը, ապա քաղաքականն էլ չի լինի. այնտեղ կան կապակցող բաներ, որ առանց տնտեսկանի անիմաստ է:
Ուկրաինայի դեպքում սա հստակ նպատակ ունի. այսօր տնտեսկանան լուրջ ծրագրեր սկսել կառավարության հետ, երբ չկա հստակ ձևավորված կառավարություն՝ տեղին չէ: Հիմա ուզում են որոշակի աջակցություն ցույց տալ, հասարակությանն ուղերձ նետել, որ մենք հետաքրքվրած ենք, դուք կարևոր եք:
Ամեն դեպքում, ամբողջ ծավալով կկարողանան իրագործել միայն, եթե տնտեսականն էլ ստորագրվի:
Նրա խոսքով՝ Հայաստանում այն քաղաքական գործիչները, ովքեր հետևողական մնացին եվրոպական կողմնորոշման մեջ, ներկայացված չեն խորհրդարանում և եթե կարողանան որոշակի համախմբման հասնել՝ լավ կլինի. «Հասարոկության մեջ մեծ ծավալի աջակցության չեն հասնի սկզբնական շրջանում, բայց ամեն դեպքում կարևոր է նաև փոքրամասնության համախմբումը. աշխարհաքաղաքական փոփոխությունների պարագայում այն հեռանկար կարող է ունենալ»:









































