Այսօր Ղրիմում անցկացված հանրաքվեն և դրա կանխատեսելի արդյունքը կարող է փոխել հետխորհրդային ողջ տարածաշրջանի քաղաքական պատկերը: Խնդրի շուրջ «Առաջին լրատվական»-ը հատուկ իր լսարանի համար հայտնի քաղաքական գործիչների մասնակցությամբ կազմակերպել էր քննարկում-բանավեճ ուկրաինական զարգացումների վերաբերյալ:
Հաղորդման հյուրերից «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, հրապարակախոս Անուշ Սեդրակյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արևմուտքը կսահամանափակվի՞ Ռուսաստանի հանդեպ կիրառված սանկցիաներով, թե՞ սանկցիաների երկրորդ ալիքը կբարձրանա, ասաց. «Եթե Պուտինը կանգնի Ղիմի վրա, և միայն Ղրիմը լինի այդ կռվախնձորը, ապա՝ այո: Եթե Ռուսաստանը կանգ առնի, արևմուտքը ևս կանգ կառնի»:
Սեդրակյանի խոսքով՝ Ղրիմի հանրաքվեից հետո Արևմուտքն ունի իր խնդիրները՝ այն առումեվ, որ Ղրիմով այս հարցը վերջացնի: Նա նաև հավելեց, որ Ղրիմը հանձնելը Ուկրաինայի համար նույնն է, ինչ Աբխազիայի ու Օսիայի խնդիրը Վրաստանի համար:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ առանց Ուկրաինայի Մաքսային միությունն այլևս չկայանա, Անուշ Սեդրակյանը պատասխանեց. «Աշխարհագրորեն Ռուսաստանը հարթավայր է. երբ դու ունենում ես այդ աշխարհագրական դիրքը, ուրեմն խնդիր ունես սահմանները պաշտպանելու:
Մաքսային միությունը քաղաքական և տնտեսական բացատրությունների փորձ է, միավորել տնտեսական միությունները կարող են այն պետությունները, որ քիչ թե շատ հաստատված տնտեսական ստանդարտ ունեն, բայց այստեղ չկա: ՄՄ-ն տնտեսապես, քաղաքականապես չկայացած միավոր է, և երբևէ չի կայանալու»:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հանրային ամբողջ սեփականությունը 10-12 օլիգարխի մեջ է բաժանված, իսկ Պուտինն ուզում է լինել Ռուսաստանի միակ օլիգարխը՝ մոռանալով, որ դիկտատոր օլիգարխ չկա:
Անուշ Սեդրակյանի դիտարկմամբ՝ Պուտինը հասկացել է, որ Ռուսաստանի հետ հաշվի նստելու միակ տարբերակը Ռուսաստանին վախի գործոն դարձնելն է, և նա շարժվում է հենց այդ սկզբունքով:
Իսկ թե այս ամենն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա՝ Սեդրակյանը հույս հայտնեց, որ կլինեն միայն դրական հետևանքներ:
Մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում









































