Ներկա սուղ սոցիալ-տնտեսական պայմաններից միակ ազատումը շատերը համարում են մահանալը։ Սակայն թաղման նվազագույն ծասխերը տեսնելով՝ հասկանալի է դառնում, որ մահը միայն կծանրացնի ընտանիքի ֆինանսական կացությունը, և դա հաստատ ճիշտ այլընտրանք չէ։ Երևանի թաղման բյուրոյի ներկայացուցիչ Ռազմիկ Հարությունյանի խոսքով՝ ամեն նվագողի մեկ ժամվա ծառայություն մատուցելն արժե 8000 դրամ։ Գերեզմանի փոսը փորելու համար թաղման բյուրոն կպահանջի 26500 դրամ։ Հանգուցյալին հասնում է 12 քառակուսի մետր հող՝ ինչը, ըստ օրենքի, պետք է հատկացվի անվճար։
Բյուրոյի ներկայացուցչի խոսքով՝ բյուրոյի աշխատանքին խանգարում են մասնավոր գործակալությունները։ «Հիմա թաղման բյուրոն միայն մահվան վկայական է տալիս։ Սակայն մենք ամեն ծառայություն էլ իրականացնում ենք՝ կամավոր սկզբունքով»,- ասում է Ռազմիկ Հարությունյանը։ Այսպես շարունակվելու դեպքում բյուրոն կդադարի գոյություն ունենալ։
Բյուրոն առաջարկում է դագաղները վաճառել միայն գերեզմաններին մոտ, և հատուկ դիատար մեքենաներ հատկացնել հանգուցյալներին գերեզման տանելու համար։
Թաղման բյուրոն ունի 150 աշխատող և իր վերահսկողություն տակ մոտ քսան գերեզմանատուն, որ զբաղեցնում են ընդհանուր առմամբ 540 հա տարածք։ Ամեն մարդու հասնում է 12 քառակուսի մետր։
Հարությունյանը առաջարկում է դիակիզարաններ սարքել մոտ 80% տեղ խնայելու համար։ Առաջարկում է առանձին դահլիճներ կառուցել հրաժեշտի կարգ կատարելու համար։ Սակայն, ինչպես տեղեկացնում է Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, Հայ առաքելական եկեղեցին կտրականապես մերժում է դիակիզությունը։ Տեղ խնայելու համար վարդապետը առաջարկում է դամբարաններ կառուցել։









































